Արևմուտքն ու Ռուսաստանը երկար ժամանակով կորցրել են փոխվստահությունը, և դա հնարավոր չի լինի վերականգնել, քանի դեռ կողմերը չեն վերադարձել կառուցողական համագործակցության դաշտ: Այսպիսի տեսակետ է հայտնում գերմանական Die Zeit-ը:
Պարբերականը գրում է, որ մինչ այժմ բոլոր դիվանագիտական ջանքերն ուղղակի «սիզիփոսյան աշխատանք» են հիշեցնում: Մասնավորապես, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերն անգամ հիասթափված էր «նորմանդյան քառյակի» վերջին հանդիպումից, որին մասնակցում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:
Die Zeit-ը համարում է՝ հարաբերությունների լավացմանը կարող է նպաստել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցությունը, ինչը կարող է նոր էջ բացել Ռուսաստանի ու արևմուտքի միջև հարաբերություններում:
«Գլխավոր առաջնահերթությունը, սակայն, այժմ ցանկացած միջոցով Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելն է», — եզրափակում է գերմանական թերթը: