ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն կստանա: Արեւմատետ Տիգրան Սարգսյանը, ով հիշեցնենք վարչապետության ժամանակ մեկ անգամ չէ, որ անհավանական է համարել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը, կնշանակվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործադիր մարմնի նախագահի պաշտոնում: Տիգրան Սարգսյանը այդ պաշտոնում կփոխարինի Վիկտոր Խրիստենկոյին: Այս մասին հայտարարել է Բելոռուսի նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոն:
Ըստ Լուկաշենկոյի՝ այդ մասին արդեն համաձայնության են եկել Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները:
«Մենք որոշում ենք կայացրել, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից Հայաստանը կնախագահի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում։ Նաեւ որոշել ենք, թե ով Վիկտոր Բորիսովիչ Խրիստենկոյից հետո կնախագահի հանձնաժողովը։ Դա Տիգրան Սուրենի Սարգսյանն է՝ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը։ Նրան աջակցում է Ռուսաստանի նախագահը, նա ժամանակին աշխատել է նրա հետ: Ասում են՝ շատ փորձառու, առաջադեմ մասնագետ է: Այդ պատճառով մենք նրան նաեւ նշանակել ենք այդ հանձնաժողովի նախագահ: Եվ փետրվարի 1-ից նա կսկսի իր աշխատանքը»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ արվեց նախորդ տարի: Մեկ տարի առաջ դա խորհրդարանական ոչ իշխանական քառյակի առանցքային պահանջն էր, ու վարչապետի հրաժարականը նրանք համարում էին իրենց հաղթանակը:
Մեկ տարի անց՝ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է, իսկ ոչ իշխանական ուժերի քառյակ գոյություն չունի: Տիգրան Սարգսյանը, ոչ միայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է, այլ նաեւ հաջորդ տարի կզբաղեցնի առանցքային պաշտոն ԵՏՄ-ում, մի միությունում, որի հաստատմանը կողմ քվեարկեցին ժամանակին Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջող ոչ իշխանական քառյակը:
Հավելենք, որ Տիգրան Սարգսյանի անունը կապվում է նաեւ հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Խոսքը օֆշորային հայտնի սկանդալի մասին է, որում, ըստ Հայրապետյանի, մասնակից են նախկին վարչապետը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանն ու վերջնիս սանիկը: Սույն գործով ներկայում ընթանում է դատավարություն: