տուն Քաղաքական Վերլուծական Արդյունաբերության աճի վրա մեծ է արտաքին շուկաների ազդեցությունը

Արդյունաբերության աճի վրա մեծ է արտաքին շուկաների ազդեցությունը

171
0

 

untitled.jpg06

Ի տարբերություն տարեսկզբի երկու եռամսյակների, երրորդում Հայաստանում արձանագրվել է տնտեսական աճի համեմատաբար բարձր մակարդակ։ Համաձայն վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, համախառն ներքին արդյունքը երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5,3 տոկոսով։ Այն դեպքում, երբ առաջինում՝ 3,1, իսկ երկրորդում՝ 2,3 տոկոս էր։

Տնտեսական աճին նպաստել են առաջին հերթին գյուղատնտեսությունն ու ծառայությունները։ Թեեւ վերջին շրջանում որոշակի ակտիվություն է սկսել ցուցաբերել նաեւ արդյունաբերությունը։ Տարեսկզբին արձանագրված անկումից հետո արդյունաբերությունը երրորդ եռամսյակում վերջապես կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից։ Չնայած այստեղ զարգացումները դեռեւս հեռու են բավարար լինելուց, այնուհանդերձ ակնհայտ է, որ դրանք թելադրված են մեծամասամբ արտաքին հատվածից։

Արդյունաբերության ոլորտի ցուցանիշների վրա մեծ է հատկապես հանքարդյունաբերության ճյուղի ուղղակի ազդեցությունը։ Ի տարբերություն ոլորտի մյուս ճյուղերի, տարեսկզբի ինը ամիսների տվյալներով, այստեղ գրանցվել է բավական լուրջ անկում։ Համաձայն վիճծառայության տվյալների, այն հասնում է 8,4 տոկոսի։

Անկումը գերազանցապես միջազգային շուկաներում դրսեւորված գնանկումային դրսեւորումների հետեւանք է։ Պղնձի գինը վերջին 5-6 ամիսների ընթացքում նվազել է տոննայի հաշվով գրեթե հազար դոլարով։ Այն սկսել է տատանվել 6,3 հազարի սահմաններում, ինչը մոտ է այն կրիտիկական գնին, ինչը տնտեսության այս հատվածի շահագործում դարձնում է ոչ այնքան նպաստավոր։ Պատահական չէ, որ չնայած բնեղեն արտահայտությամբ ճյուղի թողարկման ծավալն ավելացել է, այնուհանդերձ ստացված գումարային արդյունքն ավելի փոքր է եղել, քան նախորդ տարի։

Համեմատության համար արձանագրենք, որ պղնձի խտանյութի արտադրության ծավալն այս  տարի 4,2 տոկոսով գերազանցել է 2013թ. մակարդակը։ Սակայն, անգամ այդ պայմաններում ստացված ֆինանսական հոսքերն ավելի քիչ են եղել, քան անցած տարի։

Հաշվի առնելով հանքարդյունաբերության տեսակարար կշիռը արդյունաբերության մեջ՝ դա զգալիորեն մեծացրել է ճնշումը արդյունաբերության ցուցանիշների վրա։ Այդ երեւույթն ավելի մեծ կլիներ, եթե ոլորտի մյուս ճյուղերում միտումները համեմատաբար դրական չլինեին։

Մասնավորապես բավական նպաստավոր է եղել իրավիճակը վերամշակող արդյունաբերության համար։ Խոսքը սննդամթերքի, խմիչքների, ծխախոտի եւ այլ արտադրատեսակների արտադրության մասին է։ Այստեղ, ըստ պաշտոնական վիճակագրության, արտադրության ծավալներն ավելացել են 5,4 տոկոսով, ինչը տնտեսական աճի ընդհանուր միտումների մեջ բավական բարձր արդյունք է։

Կան առանձին ճյուղեր, որտեղ աճը շատ ավելի կտրուկ է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ծխախոտի արտադրությանը։ Տարեսկզբի երեք եռամսյակների ընթացքում այստեղ գրանցվել է ավելի քան 35 տոկոս աճ։ Հագուստի արտադրությունն ավելացել է 18,4 տոկոսով։

 

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ