տուն Լուրեր Արդյոք պատասխանատվության կենթարկվի ԱԱԾ տնօրենին զանգած դատավորը. ԲԴԽ-ի արձագանքը

Արդյոք պատասխանատվության կենթարկվի ԱԱԾ տնօրենին զանգած դատավորը. ԲԴԽ-ի արձագանքը

169
0

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ  Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրության մի հատվածը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորած  դատավոր Վաչե Մարգարյանին: Նա, ըստ ձայնագրության, զանգահարել է ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանին և ասել՝ հիմքերը կնայի եւ ԱԱԾ տնօրենին կզեկուցի:

Ձայնագրության այդ մասը լսելուց հետո իրավաբաններից ոմանք  հայտարարեցին՝ դատավոր Վաչե Մարգարյանը չպետք է շարունակի պաշտոնավարել:

Դատավորների գործունեությունը հսկում է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), որն իրավասու է կարգապահական վարույթ հարուցելու:

Araratnews.am-ը կապ հաստատեց Դատական դեպարտամենտի մամուլի քարտուղար Արման Խաչատրյանի հետ՝ տեղեկանալու, թե ԲԴԽ-ն ձայնագրության հիման վրա ի՛նչ քայլեր է ձեռնարկելու: Ի պատասխան Արման Խաչատրյանն ասաց. «ԲԴԽ-ը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին, եթե ունի դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի կամ լիազոր մարմնի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  միջնորդություն: Դրանից հետո կքննի միջնորդությունը եւ որոշում կկայացնի»:

Լիազոր մարմինը, Արման Խաչատրյանի տեղեկացմամբ, արդարադատության նախարարությունն է, որը դեռ տեղի ունեցածի մասին իր տեսակետը չի հայտնել: Մեզ հասած տեղեկություններով՝ այսօր արդարադատության նախարարությունը հայտարարությամբ հանդես կգա  տեղի ունեցածի մասին:

Արման Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ երեկ երեկոյան ԲԴԽ-ն հայտարարություն էր  տարածել, ըստ որի՝  իրավասու մարմինները օրենքով սահմանված կարգով բացահայտեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և անեն իրավաչափ եզրահանգում, որի շահառուներն են մեր պետությունն ու հասարակությունը:

Սոնա Դավթյան