տուն Արցախ Էլեկտրաէներգիա` Արցախից Հայաստան (տեսանյութ)

Էլեկտրաէներգիա` Արցախից Հայաստան (տեսանյութ)

154
0

Անցած տարի Արցախում բերքը ռեկորդային էր, բայց այս տարի էլ վատ չի լինի: Այս մասին այսօր Արցախում Կառավարության շենքում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը. «Ընդհանուր գյուղատնտեսական պրոյեկտները սկսելու են իրենց արդյունքները տալ: Տնտեսական առումով խնդիրներ ունեցանք, իհարկե… բայց ունենք ներդրողների մի մեծ բանակ, ովքեր ոչ միայն չեն դադարեցրել ներդրումներ կատարել Արցախում, այլ նաև ապրիլյան օրերին շարունակում էին իրենց ներդրումները»:

Վարչապետի խոսքով` 2016 թվականին տնտեսական աճը եղել է ավելի քան 9 տոկոս, բայց այս տարի սպասվում է երկնիշ տնտեսական աճ. «Ներդրումների հիմնական ուղղությունները եղել են հանքարդյունաբերությունը և հիդրոէներգետիկան: Բավականին ՀԷԿ-եր շահագործման են հանձնվել 2016 թվականի վերջին, դարձել ենք երկիր, որը ոչ միայն բավարարում է սեփական էլեկտրաէներգիայի պահանջը, այլ նաև սկսել ենք և առաջիկա տարիներին արտահանման ծավալներն ավելացնելու ենք դեպի Հայաստան»:

Նա նաև նշեց, որ վերջին ամիսներին ավելացել է շինարարությունը բարեգործական, պետական և այլ աղբյուրների հաշվին, նաև զարգանում է ձկնաբուծությունը: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, վարչապետը հավելեց, որ չնայած անցյալ տարի անկում է գրանցվել, բայց այս տարի արդեն զբոսաշրջիկների աճ է նկատվում:

Ինչ վերաբերում է ՓՄՁ-ներին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, Արայիկ Հարությունյանն ընդգծեց. «Մենք վաղուց կատարում ենք տնտեսության զարգացման համար քայլեր` ուղղված բանկային տոկոսների սուբսիդավորմանը, ուղղակի փոխառությունների տրամադրմանը, վաճառքի համար պետական աջակցությանը: Բազմաթիվ մեխանիզմներ ունենք կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների համար. ունենք ստեղծված պետական հիմնադրամ, ունենք մասնաշենք, որտեղ հնարավորություն ենք տալիս ոչ միայն արտոնյալ պայմաններով իրենց բիզնեսը կազմակերպելու, այլև ուսուցման բազմաթիվ դասընթացներ ենք իրականացնում ոչ միայն տվյալ բնագավառի մասնագետների, այլ նրանց հետ, ովքեր հնարավորություն ու ցանկություն ունեն»: