տուն Լուրեր Արցախում վիրավորված Հովհաննեսը բարդ վիրահատության է ենթարկվել

Արցախում վիրավորված Հովհաննեսը բարդ վիրահատության է ենթարկվել

103
0

75353

2016 թվականի մայիսին Արցախում ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը գանգոսկրի պրոթեզավորման բարդ վիրահատության է ենթարկվել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանն ասաց, որ վեց ժամ տևած վիրահատությունը բարեհաջող է անցել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ կատարվել էր Հովհաննեսի գանգի եռաչափ մոդելավորում, որպեսզի պրոթեզավորումը կատարելու համար ստանային գլխի ձևաչափը: Իմպլանտը պատրաստվել է Գերմանիայում:

Վիրահատությունը կատարվել է նոյեմբերի 1-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում:  Տիկին Գայանեն նշեց, որ տղային այսօր առավոտյան տեղափոխել են հիվանդասենյակ, վիճակը կայուն է. «Հիմա ջերմություն ունի, բայց դա նորմալ է, քանի որ շատ բարդ վիրահատություն է եղել: Բժիշկն ասաց, որ վաղվանից Հովհաննեսը կսկսի քայլել: Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց հավատում եմ, որ այս դժվարությունն էլ կհաղթահարենք»:

Նշենք, որ վիրահատությունը կատարել է վիրաբույժ Արման Հակոբյանը. «Շատ շնորհակալ եմ, հիանալի մասնագետ է, «ոսկե ձեռքերով» բժիշկ: Ես միայն  Արման Պարգևիչին էի վստահում, քանի որ նա մասնակցել է տղայիս բոլոր վիրահատություններին ու գիտեր, թե Հովհաննես ինչ խնդիրներ ունի»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Պողոսյանը 2016 թվականի մայիսի 13-ին Թալիշում ստացել է գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան: Սա Հովհաննեսի երկրորդ վիրավորումն է: Առաջին անգամ վիրավորում ստանալուց հետո նորից, կամավոր, դիրքեր էր բարձրացրել:

Հովհաննեսը  28 օր եղել է կոմայում, 36-րդ օրը  վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, 105 օր մնացել է հոսպիտալում:   Մինև այս Հովհաննեսը գլխի երեք վիրահատություն է ունեցել՝ մեկը Արցախում,  երկուսը՝ Երևանում։