Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ պատրաստակամ է ազատ արձակել Արցախում պահվող ադրբեջանցուն և ակնկալում է Ադրբեջանի պատասխան գործողությունները։
Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում ադրբեջանական կողմից հնչող առաջարկները` փոխանակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին Արցախում պատիժ կրող Ադրբեջանի քաղաքացիների հետ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։
Պատասխան. Առաջին հերթին, անհրաժեշտ է պարզաբանում մտցնել կողմերի մոտ գտնվող անձանց կարգավիճակի հարցում։ Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժն են կրում Ադրբեջանի երեք քաղաքացիներ, նրանցից երկուսը՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը՝ ծանր և առանձնակի ծանր մի շարք հանցագործություններ իրականացնելու համար, այդ թվում՝ անչափահասի առևանգում և սպանություն։ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ նրանք չեն հանդիսանում ո՛չ պատանդներ և ո՛չ էլ ռազմագերիներ։
Միևնույն ժամանակ, ըստ մեր տվյալների, Ադրբեջանում պահվում են երեք հայ պատանդներ, ովքեր ադրբեջանական կողմից գերեվարվել են վերջին տարիներին։ Նրանք Ադրբեջանի տարածքում որևէ հանցագործություն չեն գործել։ Ավելին, նրանցից երկուսն ունեն առողջական որոշակի խնդիրներ։ Բոլոր երեքն էլ պատանդներ են, և Ադրբեջանում նրանց գերության մեջ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտում է։
Ադրբեջանական կողմի շարժառիթներն ակնհայտ են. Բաքուն փորձում է հավասարության նշան դնել Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժը կրող հանցագործների և Ադրբեջանում պահվող գերիների միջև, որպեսզի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ առաջարկը ներկայացվի որպես մարդասիրական քայլ։ Մինչդեռ, իրական մարդասիրական քայլ կլիներ հայ պատանդներին ազատ արձակելը, ինչը պահանջվում է, այդ թվում նաև՝ վերոնշյալ Կոնվենցիայով։ Բաքուն չի գնացել այդ քայլին, հետևաբար, այս հարցում չի կարող խոսել մարդասիրության մասին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: