Արցախի Հանրապետությունում երեկ անցկացվեց նոր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ այն ուղղված է կոնկրետ անձի իշխանության վերարտադրությանը. «Ես վստահ եմ, որ «կողմ»-ի քարոզարշավը կատարած երկու քաղաքական ուժերը` Արցախի ժողովրդավարական և «Ազատ հայրենիք» կուսակցությունները, 2017 թվականի օգոստոսին, երբ կմոտենա Բակո Սահակյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտը, Ազգային ժողովում անցումային շրջանի համար կառաջադրեն հենց Բակո Սահակյանի թեկնածությունը` որպես անցումային շրջանի նախագահի թեկնածուի: Այսինքն` ես վստահ եմ, և իմ ասածները ոչ մի տեղ չեն հերքվել, որ այս փոփոխությունները հստակ կատարվել են մեկ անձի իշխանության վերարտադրության համար»:
Ինչ վերաբերում է հարցին` անցումային շրջանի ավարտից հետո, երբ 2020 թվականին այս նոր Սահմանադրությամբ կանցկացվեն ԱԺ և նախագահի ընտրություններ, Բակո Սահակյանը հնարավորություն կունենա երկու նախագահական ժամկետ վերընտրվելու, Խանումյանը պատասխանեց. «Ես այդ հարցը հստակ տվել եմ սահմանադրական հանձնաժողովի անդամներին, այդ թվում նաև` դեկտեմբերի 29-ին նիստում նախագահի լիազոր ներկայացուցչին, որը պատասխանել է` 2020 թվականից բոլորը հավասար են, այսինքն` Բակո Սահակյանը նույնպես կարող է երկու անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում»:
Իսկ իշխանության վերարտադրությունը, բանախոսի կարծիքով` նշանակում է քաղաքական համակարգի ոչնչացում. «Ես գտնում եմ, որ այսօրվա նեղ խմբակը, ովքեր որոշումներ են կայացնում Արցախում, այն արժեքները չեն դավանում, ինչ ես կցանկանայի, որ դավանեին: Հետևաբար, այն մեխանիզմները, որ ստեղծվել են, ցավոք սրտի, հնարավորություն են տալու նաև այդ մարդկանց իրենց արժեքներին հատուկ եղանակով գնալ իշխանության վերարտադրության, ինչը նշանակում է քաղաքական համակարգի ոչնչացում և Արցախը մի քանի տասնամյակներ հետ գցել, և ինչի պատճառով տասնամյակների և սերունդների համառ պայքար է լինելու Արցախն այս ճահճից դուրս բերելու համար»: