տուն Արցախ Արցախի հարցում միակողմանի զիջումների սցենարի գոյությունը բացառվում է. Աննա Նաղդալյանը

Արցախի հարցում միակողմանի զիջումների սցենարի գոյությունը բացառվում է. Աննա Նաղդալյանը

93
0

Հայաստանի համար խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն է: Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, սակայն սա չի նշանակում, թե խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն է մեզ համար, քանի որ մենք չենք հավատում, թե հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե կա տեղում իրադրության լարում։ Այն ենթադրությունը, թե Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ վտանգավոր ենթադրություն է: Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն սա չի նշանակում, թե խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը»,- ասել է Նաղդալյան ու շեշտել՝ այն ենթադրությունը, թե միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է:

Անդրադառնալով հունիս ամսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը՝ Նաղդալյանը նշել է, որ այդ հանդիպման ժամանակ հիմնական շեշտադրումն արվել է հանդիպմանը նախորդած ժամանակաշրջանում իրավիճակին, լարվածության թուլացմանը և վերադարձին այն իրավիճակին, որը հնարավոր էր եղել ձևավորել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

«Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններով հաստատվել էր օպերատիվ կապ, որն իր մեջ միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման տարրեր էր պարունակում: Ուստի հիմա անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել այդ մեխանիզմը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ամրապնդել նաև հրադադարի ռեժիմը»,- ասել է նա:

Աննա Նաղդալյանը նշել է, որ այդ ամենի մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել այս տարվա Վիեննայի, ինչպես նաև 2016 թվականի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթնաժողովների ժամանակ: