Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ դիտորդների խումբն ամփոփեց ԼՂՀ-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր տվյալները: ԱՄՆ, Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին Մաք Դոնալդը նշեց, որ ընտրությունների օրը իրենց խումբը 2 թիմով այցելել է 16 ընտրատարածք և ուսումնասիրել ընտրատեղամասերի աշխատանքները:
«Մենք ազատ մուտք ունեինք ընտրատարածքներ: Մենք ոչ մի խոչընդոտի չենք հանդիպել: Ես շատ տպավորված եմ գործընթացով, որը կարելի է բնորոշել որպես արդար և թափանցիկ: Կարող եմ ասել, որ ընտրատեղամասերի աշխատակիցները նաև շատ պրոֆեսիոնալ էին»,-հավելեց նա:
ԱՄՆ, Կալիֆոռնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի աշխատակից Գեյլ Պելերինն էլ նկատեց, որ ընտրատարածքներում աշխատանքները բարձր մակարդակով էին կազմակերպված, քվեատուփերի հետ աշխատանքը ևս մանրակրկիտ էր և համակարգված:
«Ես 22 տարվա ամբողջ ընտրական գործընթացը ղեկավարելու փորձառություն ունեմ և ուրախ եմ , որ մասնակցել եմ այս ընտրություններին: Շնորհակալ եմ նաև ԼՂ ղեկավարությանը, որ ինձ հրավիրեց մասնակցելու գործընթացին: Ես կարող եմ արձանագրել, որ այդ ընտրությունները ազատ, արդար և անվտանգ մթնոլորտում են անցկացվել՝ համապատասխան միջազգային ստանդարտներին»-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան