Ամանորը ոչ միայն հրաշալի առիթ է ընտանիքի, գործընկերների, հարազատ ու սիրելի մարդկանց հետ նշելու տոնը, այլև պատեհություն՝ նորովի բացահայտելու նույնիսկ ամենածանոթներին: Araratnews.am-ը որպես միասնական ու հարազատ թիմ, գրեթե ընտանիքի է վերածվել՝ փոխադարձ վստահությամբ, փոխաջակցությամբ, գործընկերներից յուրաքանչյուրի առանձնահատկությամբ:
Տարբեր սեռեր, տարբեր տարիք և նախասիրություն, բայց մեկ հավատամք և առաքելություն, այն է՝ ապահովել անաչառ լրատվություն՝ ազատ խոսքի միջոցով: Տարեմուտին ընդառաջ, Araratnews.am-ի գործընկերներիս հավաքել եմ մեկ հարկի տակ, մեկ տոնական սեղանի շուրջ՝ լսելու սրտառուչ պատմություններ, հուշեր և մաղթանքներ …
Դե ինչ, հարմար տեղավորվեք ու լսեք մեզ…
Կարինե Ավետիսյան. Araratnews.am-ի խմբագիր
Ամանորն ինձ համար եղել ու մնում է հեքիաթ։ Մանկությանս Ամանորը խորհրդանշական էր նրանով, որ ամեն տարի դեկտեմբերի 31-ին հորեղբորս ընտանիքը մինչեւ 12-ը գալիս էր մեր տուն, միասին դիմավորում էինք Նոր տարին, ապա մեծերով գնում էին տատիկիս տուն՝ շնորհավորելու։ Ու մենք երեխաներով մնում էինք մենակ… Կարծում եմ արդեն ամեն ինչ պարզ է… Հիմա անընդհատ փնտրում եմ մանկությանս Ամանորի հոտը, ձյան հոտը, մանդարինի հոտը, ու, ցավոք չեմ գտնում։
Առաջինը, որ կմաղթեի՝ աշխարհին, մասնավորապես, երկրիս՝ խաղաղությունն է։ Այնքան կուզեի, որ շատ-շատերի համար արդեն տունուտեղ դարձած «Ֆեյսբուքը» փոխարինվեր իրական, բարի մարդկային շփում-հարաբերություններով։ Իսկական հրաշքներ սպասում եմ Սուրբ ծննդից, բայց չեմ բարձրաձայնի դրանց մասին, որ անպայման կատարվեն։
Սոնա Դավթյան. Araratnews.am-ի լրագրող
Ամանորը մանկության տարիներին հեքիաթի պես մի բան էր: Թվում էր՝ Լապլանդիայից գալիս է Ձմեռ պապը, երբ դու քնած ես, դնում նվերը տոնածառի տակ ու աննկատ հեռանում: Մի օր որոշեցի չքնել եւ սպասել Ձմեռ պապին… սպասեցի մինչ լուսաբաց, ու հասկացա՝ հեքիաթն արդեն ավարտվել է: Հիմա էլ կա հեքիաթի այդ զգացողությունը: Թվում է, երբ Նոր տարվա զանգերը հնչեն, երազանք պահես, այն անմիջապես կկատարվի: Թող 2020 թ-ին այդպես էլ լինի: Հեքիաթը դառնա իրականություն…
Լիլիթ Մխիթարյան. Araratnews.am-ի լրագրող
Ամանորյա մանկության հուշերը միշտ ջերմ են։ Հիշում եմ, որ անհամբեր սպասում էինք, թե երբ պետք է ստուգեինք մեր բարձի տակի պարունակությունը։ Իհարկե, այն ժամանակ մրգերով ու կոնֆետներով էր սպասված տոպրակը լինում, բայց միևնույն է, մեծ ուրախություն էր պատճառում։ Առանձին պատմություն չեմ հիշի, բայց անգամ մութ տարիներին ամեն ինչ լուսավոր էր։
Նախկինում շատ էի սպասում Ամանորին, հիմա մի փոքր հետաքրքրությունը կորել է։ Կախված օրվա տրամադրությունից` ընկերներով մի բան կմտածենք։
Օլյա Շահինյան. Araratnews.am-ի լրագրող
Մանկության տարիների Ամանորը, թերևս առանձնանում է ամանորյա հեքիաթի, Ձմեռ պապի մասին ունեցած բուռն և իռացիոնալ պատկերացումներով: Հիշում եմ, որ ամեն անգամ, երբ Ձմեռ պապը պետք է գար, հայրիկս տատիկիս խնդրում էր, որ շեղի ուշադրությունս, որպեսզի ինքն իջնի ներքև ու դռան զանգը տա, թե իբր Ձմեռ պապն է: Այնուհետև ներքևից հայրս ասում էր. «Ուշացար՝ Ձմեռ պապն արդեն գնաց»: Ինձ մոտ հատկապես տպավորվել է մորական պապիկիս ամառանոցից բերած «Դեմիրճյան» սորտի խնձորները, որոնք մեր ամանորյա սեղանից անպակաս էին: Լավ հիշում եմ՝ երբ դասղեկս ասաց, թե իրականում Ձմեռ պապ չկա, շատ էի տխրել: Եղել են դեպքեր, երբ Ամանորը հորաքրոջս ընտանիքի հետ միասին ենք դիմավորել: Այդ ժամանակ ես տան միակ երեխան էի ու շատ էի ուրախանում, որ հորաքրոջս երեխաների հետ շփվելու հնարավորություն էր ստեղծվում: Ամանորն ընտանեկան տոն է և այն հարկավոր է ամբողջ, ու ինչու չէ, նաև մեծ ընտանիքով դիմավորել:
Անկեղծ ասած. ուսանող դառնալուց հետո, ավելի շուտ դեռ ավագ դպրոցից սկսած, Ամանորին սովորական եմ վերաբերվում. քանի որ ամբողջովին կրթական գործընթացի մեջ եմ ներգրավված եղել (լինում): Ավելի շատ կարևորում եմ Սուրբ Ծնունդը: Լուսահոգի պապիկս միշտ մեզ հունվարի 5-ի երեկոյան կամ 6-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր տանում: Այ, Սուրբ Ծննդյան հրաշքին հավատում եմ. կարծում եմ, որ այդ օրը ևս մեկ անգամ հարմար առիթ է ստեղծվում մեր հոգիները մեղքից մաքրելու ու Նարեկացու կտակած մաքրությանն ու կատարելությանը մոտենալու համար: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա շատ կուզենայի, որ զբաղվածությունս թույլ տալ գոնե Ամանորին տեսնել մոտ ընկերներիս՝ ինչպես դպրոցական, այնպես էլ ուսանողական:
Անժելա Նիկողոսյան.Araratnews.am-ի սրբագրիչ
Մանկությանս տարիների Ամանորն իմ հիշողություներում տպավորվել է առատ ձնով։ Ասես Ձմեռ պապու հրամանով, ամեն տարի դեկտեմբերի 31-ի գիշերն առատ ձյուն էր գալիս, ու սկսվում էր հեքիաթը։ Միշտ կար հրաշքի սպասումը։ Այն ժամանակ ընդունված էր մանդարիններով, շոկոլադի սալիկներով ու պնդուկ-պոպոկներով տոպրակներ դնել բարձի տակ։ Ու ինչքան էլ գիտեինք, թե ինչ նվեր ենք ստանալու, միեւնույնն է, սպասում էինք, ու ամենահամովն էր։
Վարդիթեր Գիշյան. Araratnews.am-ի թողարկիչ,
«Արխիվ» հաղորդաշարի հեղինակ
Իմ մանկության տարիները՝ Արցախյան շարժման, անկախության ձեռք բերման տարիներն էին․ կարելի է ասել՝ մանկության հուշերում մտապահված են այդ ցուրտ, մութ, բայց իրարով ուրախացող, իրար հասնելու, օգնելու, միմյանց նեցուկ լինելու իրականությունը։ Ցավոք, այսօր թվում է՝ կյանքը ավելի բարեկեցիկ, լուսավոր, նորաձև է, սակայն ամենակարևոր արժեքները, որոնցով մեր սերունդը դաստիարակվեց, որոնք մեզ օգնեցին հաղթահարելու այդ մութն ու ցուրտը, բացակայում են։
Այդ միասնականության ոգին պակասում է․ մաղթանքս է, որ իսկապես այդ ամենը նորից վերականգնվի մեր հասարակության մեջ՝ մեծից փոքր, որպեսզի մեր մանուկները օրերից մի օր վերագտնեն իրական ամանորյա պատկերը․ այն, ինչը նրանց կուղեկցի ողջ կյանքի ընթացքում։ Հիշողություններումս մե´կ Արցախյան պատերազմն է, մե´կ էլ մանդարինը՝ իր անուշաբույրով. մինչ օրս այն ինձ համար Ամանորի խորհրդանիշերից մեկն է։ Զրույցը կարծես թե սկսեցի ոչ տոնոկան նոտայով, սակայն ինչպես Բալզակի հայտնի հերոսն է ասում «․․․այդ ժամանակներն անցան»։ Այսօր արդեն ինքս երկու փոքրիկ ունեմ, որոնց համար փորձում եմ հնարավորինս տոնական դարձնել Ամանորը։ Սովորաբար ամեն տարի այցելում ենք որևէ մանկական ներկայացման կամ համերգային ծրագրի։ Ամանորից երկու շաբաթ առաջ զարդարում ենք եղևնին։ Ի դեպ, այս տարի, Անահիտն ու Անին (դստրիկներս են) մեր ընտանիքի մտերիմներից մեկից նախատոնական մեծ նվեր ունեին՝ տոնական նոր եղևնի, որի համար անչափ ուրախացան։
Հ․Գ․ Իսկ ամենաշատը, թե´ Ամանորի, թե´ ձմռան հիշողությունների մեջ պետք է առանձնացնեմ ձյունը, որն այսօր ևս պակասում է։ Կարոտով եմ հիշում ձմռան խաղերը։ Ափսոսում եմ, որ այսօր աղջիկներս չեն կարող զգալ ձյան մեջ թավալվելու հաճույքը։
Ֆենյա Ալավերդյան. Araratnews.am-ի թողարկիչ
Ամանորը մանկությանս տարիներին շատ հետաքրքիր է եղել։ Դե ինչպես բոլոր փոքրերը, ես նույնպես սրտատրոփ սպասում էի, թե երբ եմ քնելու արթնանամ, որ տեսնեմ ձմեռ պապիկի անակնկալ նվերը: Ու բացի նվեր ստանալուց, շատ էի ուրախանում, որ պետք է Սառնաղբյուր գյուղում նշենք Ամանորը՝ բոլոր հարազատներիս հետ:
Այս տարի ամեն ինչ նորովի է. իմ նորաստեղծ ընտանիքում եմ նշելու Ամանորը։ Ամեն ինչ ուրիշ է լինելու, ուրախությունս կրկնապատկվել է։ Սպասում եմ առաջնեկիս:
Շուշան Եղիազարյան. Araratnews.am-ի թողարկիչ
Ամանորը սկսել եմ սիրել վերջերս, երբ շրջապատս ու մարդիկ սկսեցին քիչ ուշադրություն դարձնել ճոխ սեղաններին ու խոզի բդին, երբ սկսեցին ավելի շատ նվերների մասին մտածել։ Մանկության տարիների ամանորն այլ էր, ողջ էին ծնողներս ու սիրտս ամբողջական էր։ Հետաքրքիր պատմություններ գրեթե չեմ հիշում, բայց համոզված եմ կան դրանք․․․ Ամանորը իսկապես նոր ու անկանխատեսելի իրադարձություններով լի է։ 2019-ին ու Աստծուն շնորհակալ եմ աղջկաս համար՝ Դանիելլայի։ Այ սա լավ տարի էր։
2020-ը նշելու եմ իմ մեծ ընտանիքով՝ Դիլիջանում։ Հուսով եմ ձյուն կգա, ձյան հետ են կապված բոլոր պլանները․․․ուրախ տարի բոլորիս։
Հակոբ Կոտոլկյան. Araratnews.am-ի օպերատոր
Իմ գունավոր մանկության ամենալուսավոր շրջանները Ամանորի հետ են կապված։ Ամանորը ես միշտ անցկացրել եմ Գավառում (Քյավառում) և երևի ապագայում նույնպես միշտ անկացնելու եմ այնտեղ։ Բացի Ամանորից, ընկեր-բարեկամներով նշում ենք նաև իմ ծննդյան տարեդարձը, և երևի դրա համար մանկության տարիներին միշտ մտածել եմ, որ ես իմ ծնունդով եմ բերում Նոր տարին։ Մեկ մետր բարձրության հասնող ձյան շերտով, տոնածառի տասը մետր ձգվող լույսերով և ամսի 31-ի գիշերը աչքս կպնելուց առաջ տասը րոպե ձմեռ պապիկին սպասելով է եղել իմ մանկության Ամանորը։
Այս տարի նույնպես անցկացնելու եմ Գավառում, ընտանիքիս հետ։ Արդեն 4 տարի Երևանում, ընտանիքից հեռու ապրելուց հետո, իմ կարծիքով, ամենալավ միտքը ընտանիքի հետ նշելն է։
Դե ինչ, հերթն ինձ հասավ: Ես Araratnews.am-ի լրագրող Արա Ալոյանն եմ:
Մանկությունս պատերազմի, զրկանքի ու հույսի հազվագյուտ դրական առկայծումների մի հյուսվածք էր: Մոնղոլիայում ապրելու տարիներին, իսկ դա հեռավոր 80-ականների սկզբներին էր, հիշում եմ մայրիկիս զարդարած տոնածառը:
Այս տարի կնախընտրեմ լսել դստերս՝ Անահիտի դաշնամուրային կատարումները, երգը, տեսնել նրա պարը, քան որևէ պաշտոնական ուղերձ և խոսք, որոնք միայն բառեր են:
Ուզում եմ Հայաստանը, Արցախը, համայն հայությունն ու Երկիր մոլորակը խաղաղ, բարեկեցիկ պայմաններում ապրի, ականատես լինենք մարզական, ոչ թե պատերազմական հաղթանակների, ականատես լինենք համերաշխության ու համագործակցության: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Զրուցեց և նյութը պատրաստեց՝ Արա Ալոյանը