Քաղաքը ջազ է լսում. նոյեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահը կրկին մարդաշատ էր: Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային ջազ փառատոնի շրջանակներում բեմում էին երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Արտո Թունջբոյաջյանը, Armenian Navy Band-ը, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, երգչուհի Մարինե Հակոբյանը և սենեգալցի Պակո Սառը:
Համերգի առաջին մասում իրենց ելույթներով հանդիսատեսին ջազային տրամադրություն պարգևեցին Մարինե Հակոբյանը, հետո` Արտակ Ներսիսյանն ու Պակո Սառը: Նրանց հոտնկայս ծափահարություններով ճանապարհելուց հետո հերթը Արտո Թունջբոյաջյանինն ու Վահագն Հայրապետյանինն էր:
Նրանք ամբողջ դահլիճին ստիպեցին անգամ նստած վիճակում պարել, երգել ու անվերջ ծափահարել: Հնչեցին երաժիշտների ամենատարբեր հեղինակային ստեղծագործությունները: Ջազային նոր մեկնաբանությամբ հանդիսատեսը լսեց նաև Արտո Թունջբոյաջյանի հայտնի «Արարատ» երգը:
Իսկ վերջում` համերգի ավարտին երաժիշտները հանդիսատեսի հետ միասին երգեցին Թունջբոյաջյանի «Պզտիկ զինվորը»:
Նշենք, որ Yerevan Jazz Fest 2017-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավետիս Զիլջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ