«Արարատցեմենտ» ընկերության կոմերցիոն տնօրենը անհեթեթություն է համարում ոստիկանության՝ երեկ տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ընկերությունը ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղվում և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափում է, ինչի արդյունքում խոշոր չափերով վնաս է հասցվել պետությանը: «Արարատցեմենտ» ընկերության կոմերցիոն տնօրենի խոսքով՝ ոստիկանության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: «Արարատցեմենտը» աշխատում է բացառապես օրենքի դաշտում, փաստաթղթավորված և երբեք չի խուսափել հարկային պարտավորությունները կատարելուց: «Արարատցմենտի» կոմերցիոն տնօրենի խոսքով՝ հաղորդագրության մեջ նշված ֆիզիկական անձի՝ Արտյոմ Զոհրաբյանի վերաբերյալ, ով հանդիսանում է երկու փոխկապակցված ընկերությունների պատասխանատու, «Արարատցեմենտ» ընկերությունը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով դեռ 2018 թ. նոյեմբերին դիմել է ոստիկանություն: «Արարատցեմենտի» կոմերցիոն տնօրենը կետ առ կետ անդրադարձել է ոստիկանության հաղորդագրությունում տեղ գտած տեղեկությանը: