Առավոտ-ը գրում է.
2 տարի առաջ այս օրն էր, երբ դեռ 20 տարեկանը չբոլորած շատ տղաների համար, ճակատագիրն այլ ճանապարհով ընթացավ: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էր, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ:
Այդ օրերին շփման գծի ողջ երկայնքով ընթացան մարտեր: Արցախի բարձունքը պաշտպանող զինվորների համար կյանքը բաժանվեց մինչ ապրիլի 2 եւ ապրիլի 2-ից հետո…
Վանաձորցի Հովհաննես Պողոսյանը նույնպես պատերազմի մասնակից է: Պաշտպանելիս է եղել Թալիշի սահմանները:
1 տարի 4 ամսվա ծառայող սերժանտը ապրիլի 1-ին դիրքերում նոր էր հանձնել հերթափոխն ու իջել զորամաս, երբ մի քանի ժամ անց հակառակորդի կողմից սկսվել է հարձակումը.
«Նոր էի իջել դիրքերից: Եկա զորամաս, շորերս փոխեցի, պառկեցի, որ քնեմ: Պայթյուն լսեցի: Երկրորդ հարկում էի, իջա առաջին հարկ, զգացի, որ ռումբեր են պայթում: Առավոտյան արդեն բարձրացանք դիրքեր: Բարձրացանք ու կռվեցինք մեր սահմանները պաշտպանելու համար»,-ասում է Հովհաննեսը:
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, երբ իրավիճակը փոքր ինչ խաղաղվում է, Հովհաննեսը դիպուկահարի կրակոցից ոտքի շրջանում ստանում է բեկորային վնասվածք: Նրան տեղափոխում են Մարտակերտի հոսպիտալ: Բժշկական օգնություն ստանալուց հետո կրկին միանում է ծառայակից ընկերներին, սահմանը սպասում էր…
Մայիսի 13-ին կրկին վիրավորվում է, այս անգամ գլխի շրջանում:
26 օր կոմայի մեջ մնալուց հետո գիտակցության է գալիս: Իսկ առջեւում ծանր ու դժվարին օրերն էին սպասում.
«4 անգամ վիրահատվել եմ գլխից: Հիմա արդեն լավ եմ զգում ինձ: Վերականգնողական կենտրոն եմ գնում, մասնագետներն ինձ հետ զբաղվում են, ինձ լավ եմ զգում»,- խորը շունչ քաշելով ու դժվարությամբ պատմում է Հովհաննեսը:
Ասում է՝ բանակն ու այնտեղ անցկացրած օրերն ամեն օր է հիշում, իսկ ծառայակից ընկերների հետ կապը միշտ է պահում. «Աստված չանի, բայց եթե հանկարծ պատերազմ լինի, էլի եմ գնալու: Ծառայակից ընկերներիս եմ կարոտում: Բանակն ուղեղիս մեջ է, ամեն օր եմ հիշում, երբեք չեմ մոռանա այդ օրերը: Պատերազմից հետո ավելի ուժեղ դարձա, ավելի վստահ, չեմ կոտրվում»:
Մինչ բանակ զորակոչվելը շատ ծրագրեր ու նպատակներ ունեցող երիտասարդը չի կոտրվում: Բանակ զորակոչվելուց առաջ 2 տարի ստացել է թատերական կրթություն: Այժմ նպատակներ ունի՝ լիարժեք բուժում ստանալուց հետո կշարունակի սովորել, նոր մասնագիտություն կստանա.
«Աջ ձեռքն ու ոտքը դեռ թույլ է: Լոգոպետ է աշխատում տղայիս հետ: Քանի որ խոսքի հետ խնդիր ունի, հիմա տառերն է վերհիշում, նորից գրել ու կարդալ է սովորում: Ձախ ձեռքով է գրում, մի քիչ դժվարանում է, բայց ասում է, որ պետք է սովորեմ: Ուզում է այս տարի բարձրագույն կրթություն ստանա: Դեռ չի կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն է ուզում սովորել, բայց կսովորի անպայման»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննեսի մայրը՝ տիկին Գայանեն:
Հերոսի մայրը միաժամանակ նաեւ սրտնեղում է, ասում է պետության կողմից տղան որեւէ ուշադրության չի արժանացել.
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում