Երևանի 8/16 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ով ընտրության էր եկել կնոջ և դուստրերի հետ:
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը, Փաշինյանը պատասխանեց. «Դե, ինչ-որ ահազանգեր կան: Ընդհանուր առմամբ, այն, ինչ նախկին երեք օրերին բացահայտել ենք, այդ շրջանակներում է: Ընտրակաշառքի համատարած բաժանման խնդիր ունենք, և դա արդեն կայացած և ապացուցված փաստ է: Այստեղ գնահատականների առումով հետևյալը կա, որ ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են քաղաքացիները, և մենք հույս ունենք, որ քաղաքացիները կհաղթահարեն այդ ընտրակաշառքային հուսահատությունը»:
Ընդդիմադիր թեկնածուն նաև ընդգծեց, որ իրենց հույսը ժողովուրդն է. «Մեր վերին ատյանը ժողովուրդն է, և ժողովուրդն է, որ այս դատում պետք է դատավոր կանգնի: Ժողովուրդն ինքը պետք է ընտրի, թե ինքը ինչպիսի դատավոր է: Մեր ակնկալիքն այն է, որ մենք հաղթենք ընտրություններում: Եվ ինձ համար ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի Հանրապետական կուսակցությունը որևէ շանս չի կարող ունենալ»: