ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և «ժառանգությանը» ոստիականությունը թույլ չի տվել Ազատության հրապարակում բեմ տեղադրել` պատճառաբանելով, որ իրազեկման մեջ, ի թիվս տեխնիկական այլ միջոցների, «բեմ» բառը չի նշվել:
Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը.
«ԲՀԿ-ն տասնյակ հանրահավաքներ է անցկացրել, այդ թվում` մարզերում վերջերս անցկացրածները, ամեն տեղ էլ բեմ տեղադրել ենք և ոչ մի անգամ իրազեկման մեջ բեմ չենք նշել։ Ինքնըստինքյան հասկանալի է` եթե արվում է հանրահավաք, ապա մասնակից հռետորները ելույթ են ունենալու բեմից, այլ ոչ թե օդապարիկից կախված»,— ասաց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց` դրանից ողբերգություն չեն սարքելու, հասկանալի է, որ հանրահավաքը խոչընդոտելու գլոբալ ծրագրի մեջ յուրաքանչյուր կառույց, որից ինչ-որ բան կախված է, փորձում է դա անել`տերերի մոտ իրենց տիտանական աշխատանքը ներկայացնելու համար:
«Մենք առանց բեմի էլ մեր ասելիքն այսօր կհասցնենք ՀՀ տասնյակ հազարավոր բնակիչներին, որոնք անպայման լինելու են Ազատության հրապարակում», — ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը։ Իսկ հարցին՝ թե նստացույցի մնալո՞ւ են, թե՞ ոչ, Նաիրա Զոհրաբյանն պատասխանեց.
«Հանրահավաքի ընթացքում կհրապարակվի հանրահավաքի հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը»: