ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զենք մատակարարել Ուկրաինային, սակայն Արևելյան Եվրոպայի հետ կապված այլ ծրագրեր ունի, որոնք հաստատ դուր չեն գա Ռուսաստանին։
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները երեկ համաձայնության են եկել արագ արձագանքման զորքերի թվաքանակի մեծացման հարցում։ Միանգամից 6 երկրներում կստեղծվեն հրամանատարական նոր կենտրոններ։ Այս ամենն, ըստ դաշինքի, արվում է բացառապես պաշտպանական նպատակներով։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտարարել է, որ սա ամենալայնածավալ ծրագիրն է «սառը պատերազմի» ավարտից ի վեր։ Ըստ գլխավոր քարտուղարի՝ դրա ընդունումը պայմանավորված է Ուկրաինայում ռուսկան ագրեսիայով, որը փոխում է Եվրոպայի անվտանգության համակարգը։