Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռանալուց հետո շատերը մի գիշերվա մեջ հեռացան ՀՀԿ-ից՝ ոմանք չեզոքանալով, մի մասն էլ որդեգրեց նոր իշխանություններին քծնելու քաղաքականությունը:
Երբ Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը հանրապետական չէ, և խորհուրդ տվեց լավ ուսումնասիրել իր կենսագրությունը, հասկանալի էր, որ նա ակնկալիք ունի նոր իշխանություններից: Իսկ ահա մայիսի 28-ին, Առաջին հանրապետության տոնակատարության ժամանակ, նույն Մանվել Գրիգորյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում կոռուպցիայի դեմ մղվող պայքարին, ասել էր, որ հենց այդպես է ճիշտ. «Էկել ա, որ կոռուպցիան վերացնի, հո մյուսների նման չի՞ անելու»:
Այս հայտարարություններով, նախ Սարգսյանին՝ ուրանալով, իսկ հետո Փաշինյանին գովելով, Գրիգորյանը հավանաբար հեռակա իր կեղտոտ ծառայություններն էր առաջարկում հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանին և նրա թիմին:
Բայց Գրիգորյանը այնքան անհեռատես էր, որ չէր հասկանում երկրում ստեղծված նոր իրավիճակը. ճակատագրի հեգնանքով առաջին «պատժվողներից» մեկը ինքը եղավ: Գրիգորյանը, նոր իշխանություններին գովելով և Սերժ Սարգսյանից մեկ գիշերում հրաժարվելով, կամ փրկություն էր աղերսում, կամ նոր հնարավորություններ՝ էլի ու էլի թալանելու համար:
Օրեր առաջ էլ ԱԱԾ-ն բերման ենթարկեց և զինաթափեց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին, որի գլուխը թրաշելու խոստում էր տվել Փաշինյանը: Իհարկե հասկանում ենք, որ մի բան էր Փաշինյան ընդդիմադիրը հարթակում, և բոլորովին այլ բան՝ Փաշինյան վարչապետը Բաղրամյան 26-ում: Կարևորն այն է, որ Փաշինյանն ԱԱԾ-ի միջոցով «թրաշեց» Շմայսին՝ նրան զինաթափ անելով:
Բերման ենթարկվելու հաջորդ օրը Առաքել Մովսիսյանը նույնպես ուրացավ Սերժ Սարգսյանին։ Ավելին, հայտարարեց, որ օրենքի տառին համապատասխան են եղել ԱԱԾ-ի գործողությունները, չմոռանալով հիշեցնել, որ 1999 թվականին, երբ իր եղբորն էին ձերբակալում, «վայրենավարի» գործեցին: Նկատենք, որ 1999 թվականին ԱԱԾ-ի տնօրենը Սերժ Սարգսյանն էր: Մովսիսյանը, արդեն կարևոր էլ չէ՝ հասկանալո՞վ, թե՞ ոչ, ուղիղ կերպով Սերժ Սարգսյանին մեղադրեց «վայրագություններով» աչքի ընկնող կառույց ղեկավարելու մեջ:
Թե´ Մովսիսյանը, թե´ Գրիգորյանը արդեն հասցրել են ուրանալ իրենց «հին տիրոջը»: Մովսիսյանը դրսում է, նրա նկատմամբ քրեական վարույթ էլ չկա, իսկ Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է՝ «ո՜վ իմանար՝ ո՛ւր կընկնի, Քանի՛ տարվա հյուր կընկնի»:
Բոլոր մեղավորներին, նախկին իշխանության գեներալ մանվելներին ու շմայսներին թող դաս լինի, որ ինչքան էլ ուրանան Սերժ Սարգսյանին և փորձեն «շոպլիկանալ» նոր իշխանություններին՝ իրենց դա չի օգնելու: Մեր երկրում գործում է օրենքի և ոչ թե անհատի իշխանությունը. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունն այն է, որ երկիրն ազատվում է քրեապետությունից՝ անցում կատարելով սահմանադրական պետության:
Հարություն Մկրտչյան