տուն Լուրեր Առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը անխափան է գործում. ԿԳՄՍՆ

Առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը անխափան է գործում. ԿԳՄՍՆ

163
0

2019 թ. մայիսի 15-ից մեկնարկել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը, որը ներդրվել է բոլոր երեխաների համար դպրոցում գրանցելու հավասար մեկնարկային պայմանների  երաշխավորման, կոռուպցիոն ռիսկերի բացառման, որոշ դպրոցների թերբեռնվածության կամ գերբեռնվածության խնդիրները լուծելու նպատակով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Համակարգի գործարկման ժամանակ արձանագրված տեխնիկական խնդիրների հետևանքով հերթագրման դժվարություններ ունեցած ծնողների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել էր դիմումներ՝ ընդհանուր հերթագրվածների շուրջ մեկ տոկոսը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) մանրամասն ուսումնասիրվել են բոլոր դիմումները, քանի որ առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգն արձանագրել է մուտք գործած բոլոր օգտատերերի գործողությունները՝ համակարգ մուտք գործելու օրն ու ժամը և առաջացած խնդիրները։ Բոլոր ծնողները, որոնք համակարգի մեկնարկային փուլում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով ունեցել են գրանցման դժվարություններ, հնարավորություն են ստացել երեխաներին հերթագրել նախընտրած դպրոցում:

Նշենք, որ համակարգը մեկնարկից հետո սկսել է գործել առանց խափանումների, և յուրաքանչյուր ծնող կարողացել է և այժմ էլ կարող է գրանցել երեխային նախընտրելի դպրոցում, եթե առկա են լիցենզիայով սահմանված ազատ տեղեր։

Առցանց հերթագրման գործընթացը շարունակվում է. գրանցման և հաստատման արդյունքներին կարելի է հետևել ԿԳՄՍ նախարարության և ԿՏԱԿ-ի ֆեյսբուքյան էջերում: