տուն Լուրեր Առաջին անգամ իրականացվել է լքված պոչամբարների և թափոնակույտերի գույքագրում․ Էրիկ Գրիգորյան

Առաջին անգամ իրականացվել է լքված պոչամբարների և թափոնակույտերի գույքագրում․ Էրիկ Գրիգորյան

165
0

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած 44 լքված տարածքների և 5 փակված պոչամբարների տեղեկատվական բազա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ իրականացվել է լքված պոչամբարների և թափոնակույտերի գույքագրում:

«Գույքագրումը հիմք հանդիսացավ, որպեսզի մենք ևս մեկ դրամաշնորհային ծրագրի համար դիմենք ԵՄ: Կառույցի հետ նախնական համաձայնության շրջանակներում տրամադրվելու է 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Սևանա լճի ավազանում ֆիզիկական ռեկուլտիվացման աշխատանքների իրականացման համար»,- շեշտեց նախարարը:

Գրիգորյանն ընդգծեց, որ ֆիզիկական ռեկուլտիվացիա իրականացնելուն զուգահեռ մշակվում է նաև կենսաբանական ռեկուլտիվացիայի կարգը:

«Նախկինում պոչամբարների համար կանխավճար է տրվել, ինչը չի արտացոլել այն գումարային ծավալները, որի կարիքը եղել է: Այս առումով շատ մեծ աշխատանք է արվել»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով գործող կազմակերպությունների պոչամբարներին՝ նա նշեց, որ ոլորտում կարգավորումներ են իրականացվելու: Գրիգորյանը շեշտեց, որ ռեկուլտիվացման խնդիրը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է: