տուն Լուրեր Առաջին անգամ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել

Առաջին անգամ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել

92
0

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հաղորդում դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԿԸՀ գործունեության վերաբերյալ:

ԿԸՀ նախագահի ներկայացմամբ՝ հանձնաժողովը արտահերթ ընտրությունների նախապատրաստական գործողություններն իրականացրել է խիստ սեղմ ժամկետներում, օրինակ՝ 12 օրում ընտրական գործընթացի 16 հազարից ավելի կազմակերպիչ է վերապատրաստվել:

Մուկուչյանի զեկուցմամբ՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ընտրակաշառքի վերաբերյալ 83 բիլբորդ է տեղադրվել ամբողջ հանրապետության տարածքում, ԿԸՀ պաշտոնական կայքում, ինչպես նաև բոլոր ընտրատեղամասերում փակցվել են պաստառներ:

Ընտրական գործընթացի ժամկետների խախտում, ըստ ԿԸՀ նախագահի, տեղի չի ունեցել:

Քվեարկությունից առաջ, ինչպես նաև քվեարկության ընթացքում միջազգային ու տեղական բոլոր դիտորդները, Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ, «լիարժեք հետևել» են նախընտրական ու ընտրական գործընթացին:

57 ընտրատեղամասերում վերահաշվարկ է կատարվել և դրանց հիմնական մասում փոփոխություններ չեն գրանցվել:

«Գործընթացը կազմակերպվել է հրապարակային, մասնակից են եղել դիտորդներ, կուսակցությունների ներկայացուցիչներ» — հավելեց Մուկուչյանը:

«Առաջին անգամ Սահմանադրական դատարան որևէ վիճարկում տեղի չունեցավ: Սա իրականում բավականին ձեռքբերում է ընտրությունների արդյունքների հետ կապված, սա նաև ընտրությունների թափանցիկ ու հրապարակային կազմակերպման պատճառ է», — հայտարարեց Մուկուչյանը: