Այսօր Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Թևան Պողոսյանը` դիմելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ասաց.
«Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Եվրամիության նոր նախագահից: Կարո՞ղ եք արդյոք ներկայացնել ՀՀ ձեռնարկած քայլերը 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո խաթարված հարաբերությունները բարելավելու համար»:
«Եվրամիությունը Հայաստանի համար եղել և մնում է կարևոր գործընկեր, մեր հարաբերություններն ընդգրկուն են բազմաթիվ ոլորտներ: Պարբերաբար անցկացվում են Հայաստանի և ԵՄ միջև ստեղծված ինստիտուցիոնալ կառույցների հանդիպումներ, ինչպիսիք են` համագործակցության խորհուրդ, համագործակցության կոմիտե: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է բազմակողմ պլատֆորմների շրջանակներում, նաև ընդգրկված է մեկ տասնյակից ավելի փորձագիտական հանձնաժողովներում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Արտգործնախարարը, հակադարձելով պատգամավորի ասածին, թե 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո խաթարվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ասաց, որ 2014թ. հունվարից ուժի մեջ է մտել համաձայնագիրը Հայաստանի և Եվրոմիության միջև` վիզային ռեժիմի դյուրացման մասին:
«Այս տարի մարտից ուժի մեջ մտավ նաև հատուկ արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս Հայաստանին՝ մասնակցել Եվրամիության տարբեր ծրագրերին: Գիտեք, որ նախորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ հետ համատեղ հայտարարություն մշակվեց, նամակների փոխանակում կատարվեց բարձր ներկայացուցիչ Էշթոնի և ՀՀ արգործնախարարի միջև: Առաջիկայում շարունակելու ենք մեր գործընկերությունը ԵՄ նոր ղեկավարության հետ»,- իր խոսքում մասնավորապես ասաց ԱԳ նախարարը: