տուն Արցախ Առաջիկա 3 տարում Արցախի բանակը կհամալրվի նոր զինտեխնիկայով

Առաջիկա 3 տարում Արցախի բանակը կհամալրվի նոր զինտեխնիկայով

86
0

Bako_Sahakyan

Արցախի բանակաշինության ռազմավարության հիմքում ակտիվ պաշտպանության գաղափարն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ երկրի նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթների ներկայացմանը նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով բանակաշինության եւ անվտանգության խնդիրներին, նա մասնավորապես, նշել է.

«Մեր պետականաշինության առանցքային ուղղություններից են բանակաշինությունը եւ անվտանգությունը: Այս երեք տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:

Բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական եւ հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման, հանրապետության զորահավաքային պատրաստականության կատարելագործման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:

Բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը: Մենք երբեք ագրեսոր չենք եղել եւ չենք լինելու, բայց կանենք ամեն ինչ մեզ սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար:

Պաշտպանության բանակն այսուհետ էլ կհանդիսանա մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ապահովման ամենաազդեցիկ գործոններից մեկը»: