տուն Լուրեր Առաջարկված միջոցները հարցը չեն լուծում. Սամվել Մարտիրոսյանը՝ խմբագիրների հայտարարության մասին

Առաջարկված միջոցները հարցը չեն լուծում. Սամվել Մարտիրոսյանը՝ խմբագիրների հայտարարության մասին

209
0

 Samvel-Martirosyan

Հայաստանյան տպագիր եւ էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ պատրաստվում են գործնական քայլերի դիմել՝  լրատվական դաշտն առողջացնելու ուղղությամբ:  Երեք կետերից բաղկացած կոչով դիմել են պատկան մարմիններին ՝հորդորելով փոխել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնցից մեկը կարող է լինել օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաեւ լրատվական օնլայն հարթակների համար, երկրորդ՝ հարկային մարմիններին հորդորում են հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության եւ գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ, եւ երրորդ՝ վերը նշված պայմանները չբավարարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ պետական համակարգի տարբեր կառույցների աշխատանքը լուսաբանելու համար ներկայացված հավատարմագրման հայտերը չբավարարել։  Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

Պարո´ն Մարտիրոսյան, ըստ Ձեզ 2003 թվականին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» օրենքն այսօր փոփոխության կարիք ունի՞ : Վերջերս մի առիթով  նշեցիք՝ նման անհրաժեշտություն դեռ չկա:

-Օրենքն իսկապես հին է, բայց հարցն այն է, որ պարզ չէ՝ դեպի ուր փոխել եւ ոնց: Երբ ես ասում էի՝ օրենքը բավարարում է, նկատի ունեի՝ քանի դեռ աշխատում է՝ ավելի լավ է ձեռք չտալ: Բավական բարդ է հասկանալ, թե ոնց զատել լավ եւ վատ լրատվամիջոցը: Հայտարարության մեջ ասվում է ՝ եթե պայմաններին չեն բավարարում, ուրեմն բլոգ են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ճիշտն ասած, ես ոչ մի հետևանք այդտեղ չեմ տեսնում, որովհետև այսօր շատ դժվար է հասկանալ՝ որտեղ է սկսվում կամ վերջանում բլոգը, որտեղ է սկսվում լրատվամիջոցը: Հայտարարությունը չի տալիս լուծումներ, այն պետք է ընկալել՝ որպես հանրային քննարկումների կոչ, այլ ոչ թե լուծումներ տալու. եթե չինովնիկներին հիմա լուծումներ տրվեն, ապա հնարավոր է՝ այդ նույն հարկայինը  կամ այլ մեխանիզմների կիրառումը պարզապես գրաքննության գծով գնան. հարկայինը հասարակության մոտ վստահություն չառաջացնող մարմին է, եւ ոչ մի երաշխիք  չկա, որ դա չի օգտագործվի քաղաքական ճնշումների համար: Ավելին ասեմ՝ այդ ուղղությամբ լուծումներ չեն էլ գտնվի, որովհետև որքան էլ սահմանափակումներ դրվեն, ապա կգտնվեն բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք չեն ուզենա բացահայտվել, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս այնպես գրանցվել, որ դա հնարավոր էլ չլինի պարզել, այստեղ մնում է մի քանի բան. կամ արգելել նման լրատվամիջոցների առկայությունը, որն անթույլատրելի է, կամ չտրամադրել հավատարմագիր, սակայն կարծում եմ՝ լրատվական դաշտի լրահոսի կարևոր մասը հավատարմագրման հետ կապ չունի, այսինքն՝ լրատվամիջոցները, պետական կառույցների հետ համագործակցելով, քիչ նորություններ են ստանում, լրատվամիջոցը կարող է առանց հավատարմագրվելու մնալ հետաքրքիր լրատվամիջոց: Ցանկալի կլինի, որ լրատվամիջոցները կարողանան կրթել սպառողին, որպեսզի մարդիկ իրենք ընտրենք որակյալ լրատվամիջոցներ: Այսօր մարդիկ կրթված չեն, մեդիագրագետ չեն եւ չեն կարողանում զանազանել նյութի աղբյուրները: Ինձ թվում է՝ այստեղ պետական կարգավորումն ավելի քիչ դեր ունի, քան ինքնակարգավորումը, կրթությունը եւ այլն…

Այսինքն՝ օրենսդրական փոփոխություններով, չի՞ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը:

-Ակնհայտ է, որ խնդիրներ կան՝ գրագողություն, որը շատ լուրջ է, չճշտված աղբյուրների կողմից  ապատեղեկատվության տարածումը, որոնց հետ հնարավոր չէ աշխատել, պահանջել փոխել տեղեկատվությունը եւ այլն, որովհետև չկա հետադարձ կապի միջոց, բայց կարծում եմ, որ իրենց (նկատի ունի խմբագիրների-հեղ.) կողմից առաջարկված միջոցները հարցը չեն լուծում. դրանք կամ պետք է լինեն շատ կոշտ, որոնք հնարավոր մեխանիզմներ են բացում քաղաքական ճնշումների, կամ չաշխատող, ձևական բնույթ են կրում:

Խմբագիրներն իրենց հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել, որ մի շարք կայքեր իրենց  այցելություններն ապահովում են թերթերի մամուլի տեսությունների շնորհիվ, բացի դա, թերթերը կորցնում են վաճառքից ստացվող եկամտի աղբյուրները եւ այլն, կարծո՞ւմ եք՝ օրենսդրական փոփոխությամբ թերթերի վաճառքի հարցը կլուծվի՞:

Թերթերի չսպառման հարցը մտահոգիչ է խմբագիրների համար, եւ գուցե իրենք այդ տարբերակով են տեսնում լուծումը: Մի քիչ կարող է վատ բան ասեմ, բայց կարծում եմ՝ թերթերի ճակատագիրն արդեն պարզ է, եւ առաջարկվող լուծումները գուցե մի տարով հետաձգեն, բայց թերթերը ապագա չունեն Հայաստանում:

Շողիկ Գալստյան