Կառավարության ղեկավարի երկրորդ հանձնարարականը ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումների և այլ խնդիրների վերաբերյալ էր: «Վերջին ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնվել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ: Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքներին հավելվող տույժերը վերացվել են: Մշակված նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ: Միաժամանակ, փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ: Մասնավորապես, խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը և առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և Ոստիկանության պետին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: