տուն Լուրեր Բլոգ Առաջարկում եմ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի մեղմացում անձնական մեքենայով ՀՀ այցելող մեր...

Առաջարկում եմ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի մեղմացում անձնական մեքենայով ՀՀ այցելող մեր հայրենակիցների համար. Էդմոն Մարուքյան

85
0

Marukyan1

Այսօր իմ կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ սահմանել, որ թեթև մարդատար, ինչպես նաև 10 և ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն չորս անգամ` երեսուն օրը չգերազանցող ժամկետով: Նշենք, որ Մաքսային օրենսգրքի գործող խմբագրությամբ (38-րդ հոդվածի 3-րդ մաս)` այդ ապրանքների տեղափոխումը թույլատրվում է առավելագույնը տասնհինգօրյա ժամկետով՝ տարեկան կտրվածքով ոչ ավել, քան երկու անգամ:

Այս դրույթը հատկապես մեծ անհարմարություններ, իսկ չնչին խախտման համար նաև մեծ տուգանքներ է առաջացնում Ռուսաստանում և Վրաստանում բնակվող և Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձանց համար, ովքեր անձնական մեքենայով են այցելում Հայաստան՝ հիվանդ հարազատներին խնամելու, հարազատների հուղարկավորության, հարսանիքի ու այլ արարողություններին մասնակցելու, տուրիստական կամ այլ նպատակներով:
Այսպիսով, այս նախագծով «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով մեղմացվում է առկա սահմանափակումը՝ ելնելով արտերկրում բնակվող մեր հայրենակիցների և Հայաստանում տուրիզմի զարգացման շահերից: