Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն օրեր առաջ ավագանու նիստին ներկայացրեց փողոցների անվանափոխության նախագիծը:
Հիշեցնենք, որ նախագծով դաշինքն առաջարկում է անվանափոխել Երևան քաղաքի հինգ փողոց. Լենինգրադյան փողոցը` Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի, Կասյանը` կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի, Միկոյանը` հայազգի գործարար բարեգործ Քըրք Քըրքորյանի, Ամիրյանը` Վռամշապուհ արքայի, Ֆրունզեի փողոցը` Ապրիլյան հերոսների անվամբ, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը` Մոնթե Մելքոնյանի անվամբ:
Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով Araratnews.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում «Ելք» խմբակցության առաջարկին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ նախագիծը երկու օր առաջ է ներկայացվել, եւ այն քննարկման հարց է: «Պետք է նաեւ հանրային կարծիք լինի, պետք է նաեւ այն գիտական կարծիքներ լինեն, որովհետեւ առաջարկի մեջ խնդիրներ ենք տեսնում, որովհետեւ նախկինում այդ փողոցները անվանակոչվել են, հետո նորից վերանվանվել են նույն անուններով»,- ասաց Մարգարյանը, հավելելով, որ հանրային քննարկումներից հետո ՀՀԿ խմբակցությունը նոր իր տեսակետը կհայտնի:
Հարցին, թե, օրինակ` Լենինգրադյան, Ֆրունզեի փողոցներն անվանափոխելու առաջարկի խնդիրը որն է, Մարգարյանը հայտարարեց, թե պատմությունից պետք չէ հրաժարվել: «Մեր ազգային հերոսների այն անունները, որոնք առաջարկում է «Ելք» խմբակցությունը, բնականաբար, մենք կողմնակից ենք, բայց օրենսդրությունը պետք է ուսումնասիրենք, թե երբ կարող ենք անվանափոխել»,- ասաց Երեւանի քաղաքապետը, հավելելով, որ Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են, եւ չեն պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանակոչել:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Փայլակ Ֆահրադյան