Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի մոտ 100 բնակիչ արդեն երկրորդ օրն է՝ փակել են Գյումրի-Երևան միջպետական ավտոճանապարհը և Երևան-Գյումրի երկաթգիծը՝ պահանջելով չթանկացնել ոռոգման ջուրը։
«Ճանապարհը մինչև հիմա փակ է։ Մեզ էլ հրավիրել են տարածքային կառավարման նախարարի տեղակալի մոտ, ճանապարհին ենք, գնում ենք, տեսնենք՝ ինչ որոշում կկայացվի, գանք ժողովրդին ասենք,- Araratnews.am-ի ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը՝ նշելով,- ժողովուրդը պահանջում է էժան ջուր։ Տեղանքից կախված՝ ոռոգման ջուրը 1 հեկտարի համար կարող է հասնել մինչև 60-70 հազարի։ Մենք ուրիշ բողոք չունենք»։
Պապիկյանի խոսքով՝ նախկինում անգամ 5000 դրամով ջրել են այգիները․ «Հետո 8000, 10000 հանին, մինչև 25000, հիմա էլ 60-70000»։
Համայնքի ղեկավարը նշեց, որ ճանապարհը փակ է մնալու, մինչև հարցը դրական լուծում չստանա, իսկ եթե լավ լուր չբերեն՝ չգիտի, թե ինչ կլինի։
Նշենք, որ ակցիային միացել են նաև խոշորացված համայնքի այլ գյուղեր ևս՝ Արտենին, Լուսադեմը և այլն։