Այսօր մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ձեռնարկություններից մեկի տնօրինության հետ ամիսներ շարունակ բանակցություններ են ընթանում Հայաստանում աննախադեպ ներդրում իրականացնելու շուրջ, և օրերս արդեն կստորագրվի համաձայնագիրը։
Araratnews.am-ը լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ։
Հունանյանը հաստատեց փաստը, որ ներդրումային ծրագրի շուրջ բանակցություններ ընթանում են, բայց չհստակեցրեց՝ ինչ ծրագրի և ներդրումային ինչ ծավալների մասին է խոսքը։
«Կա Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» նորաստեղծ պետական կազմակերպություն, որի ղեկավար Դավիթ Փափազյանը որոշակի աշխատանքներ տարել է Էմիրությունների իր կոլեգաների հետ, և շուտով դրա մասին լրացուցիչ տեղեկատվություն կլինի»,- նշեց նա։
Խոսնակը խոստացավ, որ առաջիկայում ավելի մանրամասներ կհաղորդի աննախադեպ ներդրումային ծրագրի վերաբերյալ։