ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, երբ իր հույզերն ու ապրումներն էր արտահայտում՝ գրելով վաղուց արդեն շատ-շատերի կողմից ճանաչված ու սիրված «Արցախ» ստեղծագործությունը, պատկերացնել անգամ չէր կարող, որ մի օր ադրբեջանցիները, ցուցաբերելով անբարեխիղճ վերաբերմունք և անտեսելով իր՝ որպես ստեղծագործության հեղինակի ունեցած հեղինակային իրավունքները, կօգտագործեն «Արցախ»-ն ադրբեջանական ֆիլմերում, բանակի առօրյան ներկայացնող տեսանյութերում, ինչպես նաև պաշտոնական բազում այլ միջոցառումների ընթացքում՝ հայտարարելով, որ հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը «գողացել է» իրենց երաժշտությունը:
Այն, որ այս հայտարարությունն իրականության հետ որևէ կապ չունի, բոլորս էլ գիտենք: Ստեղծագործության հեղինակ Արա Գևորգյանն այն մասին խոսում է արդեն յոթ տարի. «Ադրբեջանցիները հայերեն չեն հասկանում, չեմ զլացել, և նախորդ տարի՝ 2014թ-ին էլ, ռուսերեն լեզվով եմ անդրադարձել այս ստահոդ հայտարարությանը՝ կրկին անգամ խոսելով նաև այն մասին, թե որտեղից են սկիզբ առել նման խոսակցությունները և ինչ ընթացք են ստացել»:
«Ես ամբողջ Ադրբեջանի դեմ արդեն յոթ տարի է ՝ ինչ պայաքարում եմ»,- մեզ հետ զրույցում ասում է Արա Գևորգյանն ու տեղեկացնում՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին (այստեղ հարկ ենք համարում նշել, որ Փոլադ Բյուլբյուլօղլին երգիչ է և Ադրբեջանի մշակույթի նախկին նախարարը) դեռևս յոթ տարի առաջ, երբ փորձում էր Արա Գևորգյանին դատարան կանչել, ճշմարտությունն իմանալուց հետո ներողություն է խնդրել մեր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջոցով (այս պատմության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում):
Ստեղծագործության հեղինակը ևս մեկ անգամ հիշեցրեց. «Առաջին անգամ «Արցախ»-ը հնչել է «Անի» կոչվող ձայնասկավառակիս մեջ 1999թ-ին, իսկ մինչ ձայնասկավառակի թողարկելը՝ 1998թ-ին, նշված ձայնասկավառակի հեղինակային իրավուքնները, որտեղ նաև «Արցախ»-ն է, պահպանել եմ ԱՄՆ կոնգրեսի գրադարանում, փաստաթուղթն էլ տեղադրված է իմ պաշտոնական կայքում՝ www.aragevorgyan.net»:
Արա Գևորգյանն առաջիկայում պատրաստվում է չորս նամակ-փաթեթ ուղարկել Ադրբեջան. «Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ պայմանավորվել ենք հավաքել բոլոր փաստերը, պատրաստել չորս նամակ-փաթեթ և ուղարկել Ադրբեջան. մեկն իրենց նախագահին, մյուսը՝ մշակույթի նախարարություն, հաջորդը՝ Կոմպոզիտորների միություն, չորրրորդն էլ՝ КВН-ի թիմին, որոնք օգտագործում են իմ երաժշտությունը հենց իմ ձայնասկավառակից, որտեղ նվագում եմ ես, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ջիվան Գասպարյանը՝ դուդուկ, Նորայր Շառոյանը՝ դհոլ և ուրիշներ»: