«Սասնա ծռերի» գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող Վալերիյ Օսիպյանը ցուցմունք տվեց: Նա ամբաստանյալներին հարցրել է՝ լա՞վ են հիշում, երբ ԲՏՌ-ից կրակոց եղավ՝ ոստիկանների՞ կողմից էր, թե՞ «Սասնա ծռերի» անդամների:
Նրա հարցի ընթացքում «Սասնա ծռերի» անդամներից Սմբատ Բարսեղյանն ինչ-որ բան ասաց Օսիպյանին: Դատավորը Բարսեղյանին նկատողություն արեց՝ տեղից չխոսել։ Օսիպյանն էլ իր հերթին ասաց, որ որևէ մեկը չփորձի իրեն բան բացատրել։
«Արա՛, դու չպիտի ասես ինչ խոսեն, լակոտ»,- դահլիճից արձագանքեց Գևորգ Սաֆարյանը։
Դատավորը Մակյանը հանգստացրեց կողմերին: Իսկ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը առաջարկեց, որ նիստերի դահլիճում ներկա գտնվեն նաև դատական կարգադրիչներ, քանի որ Վալերիյ Օսիպյանն այնտեղ աշխատող ոստիկանների հրամանատարն է:
«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանն էլ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին հարցրեց սպանված ոստիկան Արթուր Վանոյանի մասին, մասնավորապես, Օսիպյանը վստա՞հ է, որ Սմբատ Բարսեղյանն է կրակել Արթուր Վանոյանին:
Վալերիյ Օսիպյանն ասաց, որ չի բացառում, որ հենց Եղիազարյանից է լսել այդ ամենը:
Դատավոր Մակյանը հայտարարեց, որ նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով։