ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև ձևավորված վաղեմի բարեկամությունն ու մշակութային առնչությունները, ինչը հիմք է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար:
Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության կարևորությունը և նշել, որ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը կղեկավարի առաջիկայում ձևավորվող ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խումբը:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգին: Արա Բաբլոյանը Բուլղարիայի հետ համագործակցությունը կարևորել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից:
ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:
Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա հարաբերությունները: Նա հատկապես կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամիապնդման հարցում: Դեսպանը վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կշարունակի անել հնարավորը ձևավորված հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու համար: Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան, արժևորելով խորհրդարանների բարեկամական խմբերի միջև համագործակցությունն ու միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը, նշել է, որ Բուլղարիա-Հայասատան բարեկամական խումբն արդեն ձևավորվել է:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում: