Բրյուսելի և Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում մարդկանց հետ շուրջ մեկ ամիս շարունակվող հանդիպումների մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այդ հանդիպումների ժամանակ քննարկումներ, զրույցներ են եղել Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ նախքան «Սասնա ծռեր» խմբի ապստամբությունը և դրանից հետո:
Փոստանջյանի խոսքով՝ հանրությունն այսօր սպասում է քաղաքական գործունեության հստակ ծրագրի. «Ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք մի հիմք՝ փաստաթուղթ, որի շուրջ այդ գործունեությունը կծավալվի: Եվ եթե այդ փաստաթուղթը դառնա հանրության սեփականությունը, արդեն պետք է քայլեր առաջարկենք հանրությանը: Այս պահի դրությամբ սպասում ենք: Մի ժամկետ է նշված՝ ապրիլի սկիզբ, երբ իբր թե պետք է ընտրություններ անցկացվեն»:
Շարունակելով ընտրությունների թեման` Փոստանջյանն ընդգծեց. ընտրության համար նախատեսվող նվազագույն պայմանները չեն գործում: «Այսօրվա քաղաքական համակարգը և իրավական հիմքն այս պայմանները չեն ապահովում, մենք ևս մեկ անգամ գնում ենք քաղաքական միջոցառման, որտեղ պետք է ընտրություններ լինեն քրեաօլիգարխիայի հավաքագրման համար, և այն բոլոր արատավոր երևույթները, որ եղել են 25 տարիների ընթացքում, պետք է նորից վերընտրվեն: Նրանք չեն ցանկանում փոխել ընդհանուր համակարգը, չեն ցանկանում փոխել քաղաքական գործող մոդելը»:
Պատգամավորը նաև հավելեց, որ ցնցումներն անխուսափելի են դառնում, իսկ գործնական քայլերի համար պետք է դիմել ողջ հայության ներուժին, այդ թվում նաև` սփյուռքահայության, որի գործողություններն իշխանությունը սահմանափակել է. «Առանց դրա անհնար է պատկերացնել, որ կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը»: