Արտո Թունջբոյաջյանը վերջերս «Երևան ջազ ֆեսթ-2017» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանում էր, և, օգտվելով պատեհ առիթից, որոշեցինք նրա հետ հարցազրույց վարել, ավելի մոտիկից ծանոթանալ: Բեմից դուրս՝ սովորական շփման մեջ, նա նույնն է, ինչ բեմում` անկեղծ, խենթ, թեթև, բայց շատ խոր ու զգացմունքային, դրական էներգիան էլ շուրջբոլորը շռայլորեն սփռող:
Սկսեցինք հարցազրույցը, առաջին հարցս պետք է տայի ու հենց ասացի` պարոն Թունջբոյաջյան, միանգամից հարցական հայացքով դեմքիս նայեց ու ասաց, որ իրեն պարոն չասեմ. «Նորմալ բաներ ասա, Արտո ասա»:
Արտո, ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը դեպի բեմ, ինչպե՞ս հայտնվեցիք երգարվեստում:
Շատ փոքր հասակից, եղբայրս երաժիշտ էր, լավ կոմպոզիտոր, ընտանիքում երաժշտությամբ առաջինը նա սկսեց զբաղվել, չնայած չէինք պատկերացնում, որ մեր ընտանիքում այն կարող է կարիերա դառնալ: Այն ժամանակ երիտասարդների համար շաբաթ, կիրակի օրերին համերգներ էին կազմակերպվում, մի օր էլ եղբայրս եկավ, մորս ասաց, որ ուզում է ինձ հետը համերգ տանել: Հետը տարավ, այնտեղ «ռեակցիա» արեցի, խմբի ղեկավարը կողքի սենյակից լսեց ու ինձ բեմ հանեց, առաջին հնարավորությունս դա էր, էդպես սկսվեց ամեն ինչ:
Ես երաժշտություն շատ էի սիրում, քիչ-քիչ քայլեր անելով գնացի առաջ: Երբ բեմի վրա նվագեցի, երաժիշտներն ու ժողովուրդը շատ ուրախացան, ես էլ ուրախացա… Այդ ժամանակ շատ փոքր էի, մոտավորապես 10 տարեկան: Մնացածն ինձնից մեծ էին, բեմի վրա միայն գլուխս էր երևում, հետո փող տվեցին՝ 50 դոլար Թուրքիայի փողով, չնայած այդ տարիքում ես արդեն աշխատում էի, ինչպես իմ տարիքի մյուս բոլոր տղաները, կոշիկ էինք մաքրում կամ ոսկերիչների մոտ ոսկի էինք փայլեցնում, ամիսը 20 լիրա էինք ստանում: Այդ ժամանակ այդ տարիքից կամ տանը մի բան պետք է անեինք, կամ մասնագիտություն պետք է սովորեինք, կամ էլ պետք է աշխատեինք, որովհետև 5 տարի էինք սովորում ու դրանից հետո ամեն ինչ պրծնում էր:
Ու երբ այդ ժամանակ արդեն բեմի վրա էի ու մեկ օրում միանգամից երկու ամսվա աշխատավարձ ստացա, ես ասացի, որ էլ տուն չեմ գնում, էստեղ եմ մնում, որովհետև ֆինանսապես էլ լավ չէինք, ու դա էլ էր կարևոր, որ պետք է փող աշխատեի ու մորս տայի:
Եթե չլիներ բեմը, երաժշտությունը, կա՞ր մեկ այլ մասնագիտություն, որով կուզեիք զբաղվել:
Այո, 17-19 տարեկանում լավ ֆուտբոլ էի խաղում, համ էլ շատ էի սիրում այդ խաղը, բայց մտածում էի՝ եթե ֆուտբոլով շարունակեմ, կյանքս ինչո՞վ պետք է վերջանա: Եթե, օրինակ՝ հասնեմ 90 տարեկանի, ի՞նչ պետք է անեմ, այդ ժամանակ ձեռքդ չես կարող գործածել, բայց գոնե նոտաներով մի բան կարող ես անել: Դրա համար երաժշտությունն ինձ համար ավելի անվերջ սահման ուներ, ու դրանից հետո սկսեցի երաժշտությանը մեծ ուշադրությամբ վերաբերվել, 17-19 տարեկանից սկսեցի ավելի լուրջ զբաղվել դրանով:
Դուք Ձեր համերգների ժամանակ հիմնականում երգացանկը նախօրոք չեք ընտրում, ինչպե՞ս եք կարողանում հասկանալ, թե տվյալ համերգին, այդ օրվա հանդիսատեսին ի՞նչ է պետք:
Երբ 10 տարեկանից ես սկսում բեմում երաժշտությամբ զբաղվել, այդքան ձայնագրություններ ես անում, միշտ նվագում ես, շատ լեգենդների մեջ ես մեծանում… այդ ամենը կյանք է սովորեցնում, ու պետք եկած ժամանակ արդեն հասկանում ես՝ հանդիսատեսին ի՞նչ է անհրաժեշտ: Որովհետև շատ դեպքերում մի ուրիշ տրամադրությամբ պատրաստվում ես, դուրս ես գալիս բեմ, լրիվ ուրիշ տրամադրություն ես տեսնում… Նախապես չպատրաստվելն ինձ դուր է գալիս, էդպես ավելի լավ ես շփվում մարդկանց հետ, թե չէ շատ ժամանակ ասում են` փողը տվել եք, տոմսն առել եք, Աստված ձեզ հետ, ինչ կլինի, կլինի:
Այստեղ հարցը միայն պետքը չէ, թե ինչ պետք է անես, պետք է մտածես՝ հանդիսատեսին ի՞նչ ավել բան կարող ես տալ, որ իրենք հասկանան, թե դու ինչ ես պատկերացնում: Եվ մյուս կողմն էլ կա, որ եթե հանդիսատեսը լավ չի հասկանում, գուցե դո՞ւ չես կարողացել բացատրել:
Ինչպե՞ս եք ստեղծում Ձեր երգերը, դրանք պատահաբա՞ր են ծնվում, թե՞ թեման որոշում եք ու սկսում այդ մասին գրել:
Երգեր կան, որ մի րոպեում կարող են լինել, երգեր էլ կան, որ մեկ միլիոն տարում կգրես…
16-19 տարեկանում հասկացա, որ ես սրանով պետք է մեռնեմ, ու սա իմ կյանքը դարձավ: Այդ ժամանակ դժվար էր Թուրքիայում, մեջս մի բան կար, որ կուտակվել էր, բայց այնտեղ չէի կարող անել, ու հետո, երբ գնացի ԱՄՆ, մեջս ինչ կուտակվել էր, միանգամից դուրս եկավ: Հայերենս էլ լավ չէր, սովորեցի ու սկսեցի երգեր գրել: Օրինակ` «Արարատը» 80-ականներին էս բառն էկավ միտքս` «Արարատ, մերի սիրուն Արարատ», գրեցի ու հետո 98-ին առաջին անգամ եկա Հայաստան, ընկերոջս տուն գնացի: Արդեն սեղանը պատրաստել էին, նստած էինք, ու հանկարծ պատուհանից մի պատկեր տեսա` շատ գեղեցիկ տեսարան էր պատուհանի վրա, կարծեցի՝ նկար էր, բայց հենց արևը դուրս եկավ, պատուհանից տեսա ու հասկացա, որ նկար չէր, ես նման բան կյանքումս չէի տեսել… Արարատն էր, որը ոնց որ պատուհանից այս կողմ լիներ, չնայած մյուս կողմից էլ գիտեի, որ այն Թուրքիայի կողմն է: Այդ ժամանակ գրեցի երգի մնացած բառերը, որ բառերիս ուշադիր լինեք՝ դա եմ պատմում: Ու որ ապրում եմ, մի բան զգում եմ, չեմ պահում: Պահելը լավ բան չէ, պահածդ ինչքան լավն ուզում է լինի, վերջում թույն է դառնում: Դրա համար երիտասարդներին պետք է գրելու, ստեղծագործելու վստահություն տալ, նրանց պատկերացումներն ինձ համար շատ կարևոր են:
Երգացանկում կա՞ մի երգ, որը շատ կարևոր պահի է ստեղծվել ու Ձեր ամենասիրածն է:
Չես կարող երեխաներից մեկին ավելի շատ սիրել, մյուսին՝ ավելի քիչ: Հիմա իմ երգերից ամեն մեկի իմաստը ես գիտեմ, որն ինչի համար եմ արել: Հա, ինձնից լավ էլ կարող են անել, բայց ես իմ չափով այսքանն եմ անում: Իսկ սիրում եմ-չեմ սիրում՝ դա կարևոր չէ, ես զգացումով եմ ապրում, մտքով չեմ ապրում: Ինչ անում է, զգացումն է անում, միայն պետք է ուշադիր լինես՝ մարդու վնաս չտաս:
Կուզեի՞ք մշտապես Հայաստանում ապրել:
Ես դրա համար եկա, դրա համար եմ տանջվում, բայց առանց իմաստի՞ երևանյան կյանքը… ես այդ ձևով չեմ կարող: Ես պետք է մի բան անեմ այս ժողովրդի, մարդկանց համար: Ինձնից որևէ մեկն ինչ-որ բան չի ուզում, բայց երբ գիտեմ, որ մեկն ինձնով ուրախանում է, ու ես կարողանում եմ մեկին մի բան տալ, դրանից մեծ արժեք ինձ համար չկա: Իսկ փող-մող՝ դրանք ստից բաներ են ինձ համար, փողն ուղղակի թուղթ է, որի վրա կարող ես մի բան, մի արժեք գրել, ու դրա համար հիմա մարդիկ իրար են ուտում … մենք մեր սարքած բաների ստրուկն ենք դարձել:
Եթե հնարավորություն լիներ, կծառայեի՞ք բանակում:
Անշուշտ, ես հիմա էլ եմ անում, զինվորը մենակ շորը հագնելով չէ, եթե զգամ, որ ժողովուրդը պետք ունի, կգնամ, սահմանին էլ կկանգնեմ: Բայց պարապ մեռնելն ուրիշ մի բան է, եթե իմաստ չունես՝ ամեն վայրկյան մեռնում ես, իմաստ ունես՝ մի անգամ կարող ես մեռնել: Ես մենակ այստեղ չէ, Թուրքայում էլ՝ թուրքերի առջև, խոսում եմ, չեմ վախենում, չեն կարող ինձ սպանել, ես չեմ մեռնի, ապրում եմ, դրա համար ապրիլի 24-ն ինձ համար ուրախ օր է, չկարողացան մեզ վերջացնել:
Դուք Արարատի մասին գրել եք, զինվորի, հայի ցավի… ինչպե՞ս է ստացվում հայրենիքից այդքան հեռու Հայաստանով ապրելը:
Ուրիշ երկրում դու վարձով կյանք ես վերցնում, վարձով կյանքը ո՞նց կարող ես ապրել… Բայց պետք է ջրի պես լինել, ջուրն իր ճանապարհը կգտնի, բայց ես «մենք»-ի հետևն եմ, մենք մի փոքր երկիր լինելով ո՞նց կարող ենք միանալ, բոլոր մտքերը միանան այստեղ, բոլոր բիզնեսները, արվեստները, կարողանանք միանալ, դա է ինձ համար կարևոր, որ կարևոր մտքերը միանան այստեղ, այդ ժամանակ մենք կկարողանանք, պատրաստ կլինենք արվեստի կենտրոն լինելուն: Այդպիսի երազանք ունեմ, դրա համար եմ էստեղ, ու եթե այդպիսի միտք ունեմ, մի օր պետք է տեսնեմ դա: Ու կարևոր է, որ մենք չսպասենք, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կանի, մենք` ամեն մեկս մեզնից պետք է սկսենք` ամեն մեկս մեր գործի մեջ:
Պետք է ոտքի կանգնել, չվախենալ, բայց նորից եմ ասում` առանց մարդկանց ու բնությունը վնասելու:
Դուք ասում եք, որ փողը ոչ մի բան է, ուղղակի թղթի կտոր, կարևորը մարդու խիղճն է, բայց այսօր, ցավոք, փողի ու վատ պայմանների պատճառով շատ հայեր լքում են Հայաստանը, որովհետև ապրելու համար այնուամենայնիվ դա պետք է… փող չունենաս՝ շատ դեպքերում հիվանդանոց էլ չեն ընդունի: Հիմա փողն իրականում ի՞նչ է:
Փողը թունավորված մեղր է, ուտում ես, մի օր պետք է մեռնես, փողը էդ է…
Այսօր ազգի մեջ պատասխանատվություն չկա… եթե ամեն մեկս 500 դրամ հավաքենք, որ մի 1000 հոգի էլ հավաքվեն, մի մարդու կյանք հնարավոր կլինի միանգամից փոխել: Պետք է փող գործածելու ձևն իմանալ: Ես առաջարկեցի՝ 1 դոլար հավաքենք, 10 մլն հայ կա, 2 մլն դոլարով մի գյուղում փոքր գործարան կարող է սկսել աշխատել: Ինձ ասում էին՝ ծխում ես, ինչ մտքեր ես ասում: Է, ասում եմ` դուք էլ ծխեք, նորմալ մտքեր ասեք: 10 տարեկան երեխան էլ որ լավ միտք տա, նրա ստրուկն էլ կդառնամ: Ու դա է սերը, որ առանց մի բանի սպասելու, ուզում ես տալ:
Օրինակներ, կուռքեր ունե՞ք:
Այո, օրինակ` դու ես, որովհետև կյանքն ապրում ես, կիսվում ես հաջորդ սերնդի հետ, ու հետո ինքը պետք է օրինակ դառնա:
Ամուսնացած եք եղել կոլումբիացու հետ, ձեր մեջ կրելով հայկական մշակույթը, որքան էլ Հայաստանից դուրս եք մեծացել: Ինչպե՞ս ստացվեց ձեր համատեղ կյանքը:
Կապ չունի՝ որտեղ ես ծնվել, մեծացել, ինձ համար, օրինակ` իսկական հայրենիքը, հարազատ հողը մոր որովայնն է: Հայաստանում ես ծնվում, ասում են՝ հայ ես, Գերմանիայում ծնվում ես, ասում են՝ գերմանացի ես, մի ուրիշ տեղ ծնվում ես, ասում են՝ ուրիշտեղացի ես: Ինձ համար կարևոր չէ՝ որպես հա՞յ ես ապրում, թե՞ որպես գերմանացի, կարևորը, որ որպես մարդ ապրես, որովհետև քո ազգից մեկի հետ էլ կարող ես ապրել, բայց ինչ-որ բան չես կարող բացատրել: Համ էլ՝ փոքրուց մեզ ասել են, որ հայ աղջիկները ձեր քույրերն են, մենք էլ մտածում էինք` ո՞նց կարող ես քրոջդ հետ ընտանիք կազմել:
Ձեզ համար լավ կինն ինչպիսի՞ն պետք է լինի:
Կանայք ինձ համար մի ուրիշ կատեգորիա են: Աստված կա ու կողքը մայր կա, որի մեջ կյանք է ստեղծվում, նրա մեջ սեր կա:
Մեծ հայրս սարերից փայտ էր բերում, մեծ մայրս հավաքում էր, ոտքին դնում, էս ամենը եվրոպացին տեսնում է ասում է` վայ, կինը ստրուկ դարձավ, բայց իր մեջ դա սերն է: Երազանք ունեմ, որ աշխարհը կանայք կառավարեն, բայց կանայք, ոչ թե կնոջ դեմքով տղամարդիկ: …Ու մայրը ո՞նց կարող է ասել` տղաս, գնա մյուս մոր տղային սպանի:
Իսկ ի՞նչն եք կարևորում մարդու մեջ:
Ես մի բան էլ ասեմ` ինձ էստեղ մի բան խանգարում է: Զինվորների տոնի օրերին տեր հայրերն էլ են քայլում, դա լավ բան չէ: Քահանաները, այո, գնում են պատերազմ, մահանում են, վիրավորվում, էդ բաները հասկացա, բայց տեր հայրը Աստծո մարդն է, նրա համար ազգ կամ կրոն չկա, գալիս ասում են՝ Աստված էն զինվորին սենց անի, իմ զինվորին պահի, պրծավ, այդտեղ տեր հայր չի կարող լինել:
Քահանան պետք է մարդկանց համար Աստծո ձայնը լինի: Նա պետք է ծառայի մարդկանց մաքուր ձևով: Ես հավատքին դեմ չեմ, Աստված բառից վախենում եմ, հա, Աստված կա… Ալլահ՝ նույն բանն է, բայց կրո՞ն…
Կարևորը՝ մարդ մաքուր լինի, խիղճը մաքուր լինի, մարդու վնաս չտա, մնացածը կարևոր չէ:
Թոռնիկ ունեք: Ինչպիսի՞ն է պապիկի կարգավիճակը:
Դա զրո կարգավիճակ է, ուրիշ մարդիկ կան, նեղվում են տարիքից, բայց ես՝ հակառակը, ես հիմա 7 տարեկան պապիկ եմ: Դա մեծ հաճույք է, բայց նաև շատ մեծ պատասխանատվություն:
Կարևոր է մաքուր մարդ լինել, գենետիկ զգացումը անցնում է, դրա համար մարդ պետք է իրեն լավ պահի, մաքուր պահի, որ հետո երեխա ունենա, դա անցնի իր երեխային:
Ի՞նչն է Հայաստանում ձեզ խանգարում:
Տարիներով խոսում եմ՝ կազմակերպվել իրար հետ մի գաղափարի շուրջ, իրար հետ մի բան անել: 98-ին, որ եկա, ջուր չկար, հոսանք չկար, բայց ես տենց մեծացել եմ, դա չի խանգարում, հա, վեց հոգի մի սենյակի մեջ, մի շալվարով ու կոշիկով ենք մեծացել, բայց մի օր աղքատություն չենք զգացել, որովհետև գաղափար ունեինք: Այսօր էլ գամ Հայաստան, զուգարան մաքրեմ՝ դա ինձ չի խանգարի, բայց որ իմաստ չկա, դա խանգարում է: Ու դրա համար պետք է միասնական լինել:
Մրցանակներին ո՞նց եք վերաբերվում:
Չեմ սիրում, հա, ուրիշ բան է, որ երիտասարդներին մրցանակ են տալիս երգ ձայնագրվել, տեսահոլովակ նկարահանել, բայց որ ստեղծագործելու համար են տալիս: Հա ինձ BBC-ն տվեց, Գրեմմի տվեցին, երևի ամենաաղքատ Գրեմմիի շահած երաժիշտներից մեկն եմ, հրավիրեցին, չգնացի… Գնայի, ի՞նչ անեի, հա, շնորհակալություն, բայց դա իմ կյանքը չփոխեց, ես էլի նույն կերպ ստեղծագործում եմ:
Ինչի՞ մասին եք երազում:
Ուրիշներին իրենց երազանքին հասցնել, լուրջ եմ ասում՝ երաժշտությունով կամ խոսելով:
Ասում են՝ ավելի լավ է արածների համար ափսոսալ, քան չարածների: Կա՞ մի բան, որ չեք արել ու ափսոսում եք:
Եթե այն ժամանակ այս միտքն ունենայի, ավելի կազմակերպված, ավելի լավ թիմ կստեղծեի: Բայց եթե հասկացել եմ, ուրեմն նշանակում է մի օր կանեմ:
Եվ կարևոր է, որ ամեն ինչ անես այնպես, ինչպես պատկերացնում ես: Ոնց պատկերացնում ես՝ այդպես հագնվիր, այդպես էլ ապրիր: Եթե այդպես չես անում, հաջորդ սերնդին վնաս ես տալիս: Պետք է քո հետևից մի բան թողնես, ես հասկացել եմ, որ իմ հետևից աղբ չեմ թողնի: Փող-մող, դրանք ստից բաներ են, դրանց հետ չես կարող խիղճդ համեմատել:
Հիմա այս սերունդը չպետք է նստի, թող ստեղծագործի, թող իր միջինն արտահայտի, գրի, ստեղծագործի: Հիմա ես ձեզ համար եմ տանջվում (նկատի ունի նոր սերնդին), որ չեք ապրում, սիրտս ցավում է:
Հարցազրույցը՝ ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
Լուսանկարները՝ ՍԱՐԳԻՍ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ