տուն Լուրեր Ապրանքատեսակի դեֆիցիտը չպետք է լրացվի ներմուծման հաշվին

Ապրանքատեսակի դեֆիցիտը չպետք է լրացվի ներմուծման հաշվին

137
0

Atom Margaryan

Հովհաննես Հովհաննիսյանի  ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո «կարգոները» դադարել են աշխատել: Դրանք ընկերություններ են, որոնց միջոցով գործարարները ներկրում և մաքսազերծում էին իրենց ապրանքները:

-Հիմնականում ի՞նչ գործառույթներ էին իրականացնում կարգոները, նոր փոփոխություններն ինչպիսի՞ հետևանքներ կունենան հայաստանյան տնտեսության համար, ովքե՞ր կտուժեն և ովքեր կշահե՞ն,: Այս  հարցերի մասին araratnews.am-ը զրուցեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ:

«Կարգոների խնդիրը նոր չէ:  Կարելի է ասել՝ սկիզբ է առել 90-ականների սկզբներից, երբ մարդիկ, հատկապես տոնավաճառներում առևտուր անողները քիչ քանակությամբ ապրանք էին ներկրում՝ որոշակի մաքսային ձևակերպումներով և վաճառում: Հետագայում, երբ վաճառքի ծավալները մեծացան, պահանջարկը մեծացավ, հայտնվեցին մարդիկ, կամ նույնիսկ ընկերություններ, որոնք իրենց վրա վերցրեցին այդ ֆունկցիան՝ համապատասխան երկրներից՝ Չինաստանից, Թուրքիայից, Արաբական Էմիրություններից, Վրաստանից ներկրել, մաքսազերծել: Այստեղ երկու ռեժիմ կա՝ սպիտակ մաքսազերծման համակարգ, երբ ապրանքը հատ-հատ են մաքսազերծում և ստվերային կամ սև կարգո, երբ քաշով, խորանարդ մետրով են ապրանքը ներկրել և հայտարարագրել»:

-Հայաստանում որոշ ապրանքատեսակների դեֆիցի՞տ կառաջանա:

-Որոշակի լարվածություն կա, բայց այն որակավորումները, որ 20-30 օր հետ կարող է ապրանքային դեֆիցիտ առաջանալ՝ լուրջ չեմ համարում: Կամ եթե լինի՝  ո՞վ է ասում, որ այդ դեֆիցիտը պետք է լրացվի ներմուծման հաշվին: Եթե Ռուսաստանի, կամ այս խնդիրն ունեցած մեկ այլ երկրի փորձը նայենք՝ դա արվում է, որպեսզի ներմուծման որոշակի քանակ փոխարինվի տեղական արտադրանքով: Օրինակ՝ մեզ մոտ այսօր թեթև արդունաբերությունը շատ խղճուկ վիճակում է,  աշխատատեղերը մենք, ըստ էության, զիջել ենք, նույն Չինաստանին, Թուրքիային, Արաբական էմիրություններին և այլն: Այո, եթե մենք փակում ենք ստվերը, որոշ ժամանակ կարող է գոյանալ դեֆիցիտ, բայց այդ տեղը դատարկ չի մնա, այդ տեղը կարող է հետագայում լրացվել»:

-Իսկ մենք ունե՞նք համապատասխան ռեսուրսներ՝ բացը տեղական արտադրանքով լրացնելու համար:

-Ժամանակին, եթե վերցնենք խորհրդային միության չափանիշներով՝ Հայաստանն ունեցել է զարգացած թեթև արդյունաբերություն: Այսօր էլ մենք ունենք արտադրություն, որը բարձր որակի արտադրանք է տալիս, բայց արտահանվում է այլ երկրներ: Մենք ունենք և այդ մասնագետները, տեխնոլոգիաները միշտ էլ կարելի է ներկրել, կարելի է արդեն քաղաքականության մեջ վերանայումներ անել՝ հարկայինում փոփոխություններ կատարելու համատեքստում, արտոնություններ տալ, որ այդ սկսնակ կամ ոլորտում գործող, սակայն շատ փոքր թողարկման ծավալներ ունեցող արտադրությունները ոտքի կանգնեն: Դա չի վերաբերում միայն հագուստին, դա վերաբերում է սննդի արդյունաբերությանը, որովհետև կարգոները նաև սննդամթերք են մերմուծում»:

Այնուամենայնիվ՝ տնտեսագետը կարծում է, որ այս ոլորտում որոշակի արտոնություններն անհրաժեշտ են.«Հայաստանը նաև եվրասիական տնտեսության անդամ երկիր է, միասնական մաքսային տարածքում է գտնվում: Այս տեսակետից մաքսային սահմանների մաքսազերծման, մաքսային արժեքի գնահատման, բեռների փոխանցման և այլ հարցերը ևս կարևոր են: Եվ Հայաստանի պետական եկամուտների համակարգը՝ մասնավորապես մաքսային ոլորտը այդպես անկախ լինել չէր կարող: Ամեն դեպքում, պետք է ոսկե միջինը գտնել և փորձել այն խնդիրները, որոնք առաջանում են փոքր բիզնեսի տիրույթում, որոշակի արտոնություններ տալ, գոնե այս փուլում, որպեսզի այդքան ցավոտ չլինի»: