ԱՄՆ-ի դաշնային առևտրային հանձնաժողովը պարտադրել է Apple ընկերությանը 32.5 մլն դոլարի փոխհատուցում տրամադրել անչափահաս ամերիկացիների բոլոր այն ծնողներին, ովքեր տուժել են իրենց երեխաների կողմից Apple-ի արտադրած սարքերով հավելվածներ և խաղեր գնելու համար։ Հանձնաժողովում նշել են, որ հազարավոր բողոքներ են ստացել և խնդրանքներ, որպեսզի այդ գումարները փոխհատուցվեն, քանի որ երեխաները դրանք ծախսել են առանց ծնողների թույլտվության։
«Դուք չեք կարող սպառողից գումար գանձել, եթե նրանք չեն հաստատել դա»,- ասվում է հանձնաժողովի ղեկավար Էդիթ Ռամիրեսի հայտարարության մեջ։ Ծնողներից մեկը մասնավորապես պատմել է, որ իր երեխան 2.6 հազար դոլար է ծախսել Tap Pet Hotel խաղում՝ հյուրանոց կառուցելու համար։ Այդ խաղի հավելվածի ներբեռնումն անվճար է, սակայն նոր գործիքների ձեռք բերումը զգալի գումարներ է պահանջում։
Ծնողները սովորաբար գաղտնաբառ են դնում, որպեսզի երեխաները չկարողանան օգտվել իրենց միջոցներից, սակայն հավելվածների ներսում վճարումների համար գաղտնաբառեր պետք չեն։