Օրեր առաջ համացանցում հայտնվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը, անշուշտ, ամպրոպ էր անամպ երկնքում։ Ինչ խոսք, սեպտեմբերի 11-ի ձայնագրությունը Հայաստանի պատմության մեջ կմնա աննախադեպ մի երևույթ, երբ գաղտնալսվում են Հայաստանի իրավապահ համակարգի երկու կարևորագույն պերսոնաժները։
Հեռախոսազրույցից հետո մի շարք հանրապետականներ, հավանաբար մոռանալով Սերժ Սարգսյանի կենսագրության՝ 1999 թվականի մի փոքր հատված, սկսեցին իրենցից գոհ-գոհ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորված չէ, որ Վանեցյանը պրոֆեսիոնալ չէ, որ ԱԱԾ-ում կա դիլետանտիզմ և այլն, և այլն։
Հանրապետական պատգամավորներին և Սերժ Սարգսյանին փառք տվող սուբյեկտներին պետք է կարևորագույն մի դրվագ հիշեցնենք Հայաստանի պատմության ամենաողբերգական էջի՝ հոկտեմբերի 27-ի մասին։ Սերժ Սարգսյանը 1999-ին զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի պաշտոնը, և հենց նրա պաշտոնավարման ժամանակ են խորհրդարանում սպանվում երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ երկու փոխխոսնակներ, նախարար, պատգամավորներ՝ ընդհանուր 8 պետական և քաղաքական այրեր։
Հիմա եկել ու ասում են, որ Վանեցյանը չի տիրապետում իրավիճակին, նա պետք է հրաժարական տա։ Մի կողմ թողնենք այն, որ Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն դառնալուց հետո այնպիսի բացահայտումներ են տեղի ունենում, որ հայ ժողովուրդը 20 տարի շարունակ կերազեր տեսնել։ Մենք ամեն օր ականատես ենք լինում, որ ԱԱԾ-ն հայտնաբերում է երկրից գողացված փողերն ու երկրում հաստատում օրենքի իշխանություն։ Սա փաստ է, որը սերունդներն են գնահատելու։ Անդրադառնանք ձայնագրություններին։
Գաղտնալսումներից պաշտպանված չի եղել ոչ ոք։ Այս առիթով մի հիանալի պատմություն կա. Լավրենտի Բերիան իր մոտ է կանչում պետական պաշտոնյաներից մեկին և զրույցի ընթացքում ասում է․ «Ա՛յ դուք այսպիսի միտք ասացիք Իոսիֆ Վիսարիոնովիչին»։ Զրուցակիցն ապշահար ասում է․ «Ի՞նչ է, դուք Ստալինի՞ն էլ եք գաղտնալսում»։ Լավրենտի Պավլովիչ Բերիան իրեն հատուկ ոճով քմծիծաղ է տալիս և ասում․ «Ո՛չ, մենք քեզ ենք գաղտնալսում»։
Իհարկե, Բերիան գաղտնալսում էր ոչ թե Ստալինին, այլ մյուս պաշտոնյային, սակայն ստացվել էր այնպես, որ նա ակամայից լսում էր նաև «ժողովուրդների հորը»։
Գանք մեր ժամանակներ։ 2013 թվականին լուր տարածվեց այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Լուրն իհարկե հերքվեց, սակայն դա փաստ էր, որը զայրացրել էր Գերմանիայի ղեկավարին։ Մերկելը հանձնարարեց անվտանգության համակարգն ուժեղացնել, որից հետո իրեն պաշտպանված կզգա։
Ի՞նչ է ստացվում. գաղտնալսումներն ամբողջ աշխարհում տարածված են, և Անգելա Մերկելն ու Վանեցյանը ո՛չ առաջինն են, ո՛չ վերջինը, և չի կարելի հայտարարել, որ Հայաստանում անվտանգությունը խարխլված է: Անվտանգությունը խարխլված էր այն ժամանակ, երբ ՀՀ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի պաշտոնեական անփութության պատճառով խորհրդարանը գնդակահարվեց։
Հարություն Մկրտչյան