Հայաստանի մարզերում դասընթացների միջոցով շարունակվում է իրազեկումը կանանց շրջանում, թե ի՛նչ է ՄԻԱՎ-ը, և ինչպե՛ս պետք է խուսափել այն ձեռք բերելուց: Այս անգամ դասընթացներ էին կազմակերպվել Հայաստանի հինգ մարզերում, որին մասնակցել են 214 մարզաբնակ կանայք և աղջիկներ:
«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Ժենյա Մայիլյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց դասընթացների շրջանում որպես դասընթացավարներ վերապատրաստվել են նաև ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ից տուժած կանայք. «Դասընթացների կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի մարզաբնակ կանայք և աղջիկները բարձրացնեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրենց իրազեկությունը: Դասընթացներն իրականացվել են ՀՀ հինգ մարզերում՝ Տավուշում, Լոռիում, Արագածոտնում, Շիրակում և Արմավիրում: Դասընթացներն ամեն մարզում իրականացրել ենք երկու համայնքում, որին միայն այս տարի մասնակցել են 214 կին և աղջիկ»:
Բանախոսը նաև ընդգծեց, որ աղջիկներն ու կանայք պետք է իմանան՝ լավ կլինի մինչև ամուսնանալը կամ եթե արդեն ամուսնացած են, ու իրենց ամուսինը գնացել է արտագնա աշխատանքի, վերադառնալուց հետո պետք է հետազոտվեն, որովհետև ՄԻԱՎ-ով վարակված լինել չի նշանակում, թե չեն կարող ամուսնանալ կամ երեխաներ ունենալ. «Ցավոք, մեր մշակույթում այդպիսի բան չկա, հատկապես մարզաբնակ կանանց մոտ, և իրենք չգիտեն, որ եթե ամուսինը գնացել է արտագնա աշխատանքի, կամ այլ ռիսկայնություն կա, պետք է ամուսնուն խորհուրդ տա հետազոտվել: Կամ կանայք չեն կարող ամուսնուն ստիպել, որպեսզի ունենան պաշտպանված սեռական հարաբերություն, սա ևս լուրջ խնդիր է, իսկ մենք դասընթացների ժամանակ շատ էինք խոսում այդ մասին, որ ցանկացած կին ինքն է պատասխանատու իր առողջության համար, որ նախաձեռնությունը իր ձեռքը վերցնի, ու գնան հետազոտության»:
«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանն էլ հավելեց, որ դասընթացները կարևոր են նաև նրանով, որ ՄԻԱՎ-ով ապրող կանայք սովորում են ավելի ինքնավստահ լինել. «Կանայք նշում էին, որ սա իրենց հնարավորություն է տվել ինքնաճանաչողության, ինքնագնահատականի բարձրացման, քանի որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ նաև ներքին խարան են ունենում, իրենք իրենց են պիտակավորում: Եվ այս ամենից հետո իրենք էլ հասկանում են, որ իրենց միջավայրում էլ իրենց այլ կերպ են վերաբերվում: Եվ դասընթացներից հետո մասնակիցներն արդեն հասկանում էին, որ անտրամաբանական է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցից խուսափելը, ընկերություն չանելը կամ անհիմն վախեր ունենալը»: