տուն Լուրեր Անտառի պահպանությունը ազգային անվտանգության հարց է․ Տավուշի ՀԿ-ների հայտարարությունը

Անտառի պահպանությունը ազգային անվտանգության հարց է․ Տավուշի ՀԿ-ների հայտարարությունը

141
0

Տավուշի մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջեւանի ավագանու անդամներ քննարկել են Իջեւանում ստեղծված իրավիճակը եւ հանդես եկել հայտարարությամբ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակված Facebook-ի Տավուշի մարզպետարանի պաշտոնական էջում։ Այն ներկայացնում ենք ստորեւ․

«Քննարկելով Իջեւան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարում ենք.

— Անտառն ազգային հարստություն է, անտառի պահպանությունը` ազգային անվտանգության հարց: Ապօրինի անտառահատումները դատապարտելի են, եւ որեւէ հանգամանք չի կարող դա արդարացնել:

— Հուլիսի 17-ի երեկոյան գրանցված բռնության դեպքերը համակարգային կոռուպցիայի արդյունք են: Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր այս կամ այն կերպ փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին եւ բիզնեսմեններին:

— Ոստիկանությանը կոչ ենք անում հետագայում նման դեպքերից խուսափելու համար առավելապես դիմել կանխարգելիչ գործողությունների, խուսափել բախումներից եւ բռնության փոխադարձ կիրառումից: Հնարավորինս բացառել գիշերային խուզարկությունները՝ հարգելով ընտանիքի հանգստի իրավունքը:

— Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնություն եւ ագրեսիա` որ կողմից էլ դա լինի: Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն ու հարցերը պետք է լուծվեն բացառապես օրինական եւ բանակցությունների ճանապարհով:

— Անտառների կառավարման գործող մոդելը ոչ միայն հնացած է, այլեւ արդեն ավելի քան 20 տարի չի արդարացնում իրեն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետք է կարճ ժամանակում ներկայացնի կառավարման նոր եւ նորարարական մոդել, որը կերաշխավորի անտառի նկատմամբ ճնշումների բացառումը: Այս կառույցը պետք է մշակի առավել կենսունակ մեխանիզմներ` անտառկառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար:

— Ողջունում ենք Կառավարության եւ ընդհանրապես պետական որեւէ մարմնի գործողություն` ուղղված ապօրինի անտառահատումներին, աջակցում այդ գործընթացներին: Նաեւ պարտադիր ենք համարում Դիլիջանում տեղակայված հսկիչ կետի գործունեությունը շուրջօրյա գրաֆիկով:

— Կարեւոր ենք համարում այս փուլում իշխանությունների անվերապահ աջակցությունը փայտահատ խմբերի բանվորական անձնակազմին եւ նրանց ընտանիքներին առաջին հերթին սոցիալական առումով: Եվ փոխադարձ վստահություն եւ հարգանք ենք ակնկալում քաղաքացիների կողմից` դեպի պետական համակարգի ներկայացրած այլընտրանքային ճանապարհները:

Այս եւ նմանատիպ այլ խնդիրների, կնճռոտ հարցերի վերաբերյալ ակնկալում ենք հանրային մեծ համախմբում եւ ազատ կարծիքի արտահայտում: Հրամայականներից մեկը գիտակցումն է առ այն, որ մեր խնդիրների լուծումն օտարից չէ, որ պետք է սպասենք: Հանրային միասնության համար պետք է գործադրվեն մեծ ջանքեր»:

Ստորագրել են.

Արտակ Չիբուխչյան (Artak Chibukhchyan) — գործարար

Վահագն Թամրազյան (Վահագն Թամրազյան) -քաղաքացի

Վարսիկ Ներկարարյան (Varsik Nerkararyan) — քաղաքացի

Մերի Ավետիքյան (Мери Аветикян) — քաղաքացի

Գեղեցիկ Գուլակյան (Прогресс Нго (Progress Ngo) — «Պրոգրես» ՀԿ նախագահ

Վարդան Սարգսյան — Իջեւանի ավագանու անդամ

Թաթուլ Աթաբեկյան (Татул Атабекян (Tatul Atabekyan) — Իջեւանի ավագանու անդամ

Խաչատուր Համզյան (Хачатур Гамзян (Khachatur Hamzyan))- Իջեւանի ավագանու անդամ

Արման Մատինյան (Арман Матинян)- Իջեւանի ավագանու անդամ

Արփինե Երիցյան (Арпине Ерицян (Arpine Yeritsyan) — «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ

Ֆլորա Խաչատրյան (Флора Хачатрян (Flora Khachatryan) — «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ անդամ

Գուրգեն Համզյան (Գուրգեն Համզյան) — «Մաքուր քայլ» նախաձեռնության հիմնադիր

Գագիկ Աղբալյան (Гагик Агбалян (Gagik Aghbalyan) – լրագրող

Հայտարարությունը բաց է»: