Արդեն 24 տարի է՝ Անկախության օրն ասոցացվում է նաեւ ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ. 24 տարի առաջ նա դարձավ անկախությունը ազդարարողը՝ ընթերցելով Անկախության հռչակագիրն ու Գերագույն խորհրդի որոշումը։
Araratnews.am-ը հետաքրքրվեց պատգամավորից, թե ինչպես ստացվեց, որ այդ կարևորագույն փաստաթղթերն ընթերցեց հենց ինքը։
«Ես եղել եմ առաջին խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորներից մեկը՝ 33 տարեկան էի այդ ժամանակ։ Առոգանության, լավ ընթերցելու համար ես նախապես պատրաստվել էի, թե ինչպես, ինչ արագությամբ պետք է կարդալ և այլն։ Ընկերներս ինձ լսում էին այդ ընթացքում և ուղղություն էին տալիս։ Դա պատմական պահ էր և պետք է լավ հնչեր։ Նաև Առաջին Հանրապետության ղեկավար Արամ Մանուկյանի անուն-ազգանվան համընկումը մեծ դեր խաղաց, որ ես ընթերցեցի»,- ասաց նա։
Այսպես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վանո Սիրադեղյանի առաջարկով խմբակցությունը որոշեց, որ փաստաթղթերը պետք է նա կարդա։
«Ադրբեջանում նույն օրերին մեծ քանակով թռուցիկներ էին բաժանում, որ հայերը ինչ-որ տեղից գտել են մեկին, որի անունը Արամ Մանուկյան է, բերել, պատգամավոր են դարձրել։ Հռչակագիրն ուղղակի պատրաստել, տվել են նրան, որ կարդա, հիշեցնելու համար՝ թե Առաջին հանրապետության ավանդույթները շարունակվում են։ Բայց դա մեզ համար հայտարարված քաղաքականություն է, որ Առաջին հանրապետության բոլոր սիմվոլները մենք վերցնում և շարունակում ենք՝ անկախությունից անկախություն»,- նշեց պատգամավորը և հավելեց,- «Խորհրդանիշներից երեքն էլ գեղագիտական առումով արժեք չեն՝ մենք բոլորս դա շատ լավ հասկանում էինք։ Բայց մենք ունեինք քաղաքական կարևորագույն խնդիր․ մենք մեր պատմական ժառանգությունն ընդունեցինք»։
Արհամարհել ցանկացած ճնշում, լինել ազատ․ այս խորհուրդն է Մանուկյանը տալիս իր որդուն ու բոլոր այն երիտասարդներին, ովքեր ժառանգորդն են անկախության։
«Մարդու ազատությունն ամենաբարձր արժեքն է և հանուն ազատության մարդը պարտավոր է և պետք է անի՝ ինչ ուզում է։ Մի փոքր պայման կա․ այդ ազատությունը չպիտի կաշկանդի ուրիշների ազատությունը»,- եզրափակեց Մանուկյանը։