տուն Արցախ Անկախության տոնին նվիրված ցուցահանդես-վաճառք` Ստեփանակերտում

Անկախության տոնին նվիրված ցուցահանդես-վաճառք` Ստեփանակերտում

229
0

71865

Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական օղակաձեւ պուրակում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք՝ նվիրված Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձին, հաղորդում է «Արցախպրեսը»:

Ցուցահանդես-վաճառքին Արցախից եւ Հայաստանից մասնակցել են բրուտագործներ, նկարիչներ:

Գյումրեցի գեղանկարիչ, խեցեգործ Վազգեն Գեւորգյանն ասել է, որ ինքն արդեն 2-րդ անգամ է, որ Արցախում հանդես է գալիս ցուցահանդես-վաճառքով:

«Այս անգամ փորձել ենք այնպիսի աշխատանքներ ներկայացնել, որոնք ավելի շատ կիրառական են եւ դեկորային: Ցուցադրության հիմնական նպատակն այն է, որ ներկայացնենք այն, ինչ-որ մենք ունեցել ենք եւ փորձում ենք ամենուր տարածել ու զարգացնել: Արցախում մեծ հետաքրքրություն կա եւ այստեղ գնահատվում է ձեռքի աշխատանքները»,- նշել է Վ. Գեւորգյանը:

Վ. Գեւորգյանի տեղեկացմամբ՝ ցանկություն կա Արցախում հիմնելու խեցեգործության փոքր-ֆաբրիկաներ, որտեղ կսովորեն եւ կաշխատեն արցախցիներն առանց տարիքային սահմանափակության եւ իրենց պատրաստած աշխատանքները կարտահանվեն արտերկիր:

Ցուցահանդեսին ներկայացվել է նաեւ Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր ցուցանմուշների հավաքածուն, ինչպես նաեւ արցախյան արտադրության գորգեր: