Թուրքիան եւ Ռուսաստանը ձեռնամուխ են եղել «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը վերսկսելու գծով բանակցություններին:
Այս մասին, թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը:
Նա համոզմունք է հայտնել, որ Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները կվերադառնան նախկին` մինչճգնաժամային մակարդակի:
Թուրք նախարարի խոսքով` երկկողմանի հարաբերություների նորմալացումը օգտակար կլինի երկու կողմերին:
«Թուրքական հոսք» գազատարով նախատեսվում է ռուսաստանյան գազը Սեւ ծովի հատակով, շրջանցելով Ուկրաինան, հասցնել Թուրքիա եւ այդ երկրի տարածքով փոխադրել Եվրոպա: Նախագիծը դադարեցվել էր 2015 թվականի վերջին սիրիական սահմանում թուրքական օդուժի կողմից ռուսաստանյան ռմբակոծիչի խոցումից հետո Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները վատանալու պատճառով: Սակայն, միջադեպի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ներողություն խնդրելուց հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները սկսել են վերականգնվել:
«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ հայտնել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ խաթարված հարաբերությունները վերականգնելու շուրջ երկու երկրների առաջնորդների առաջիկա օրերին հանդիպման հետ կապված` այդ երկրների միջեւ խոշոր նախագծերից հանդիսացող «Հարավային հոսք» գազային նախագծի իրականացման հեռանկարի արդիականացումը, որը հանդիսանում է ադրբեջանական գազը Թուրքիայի վրայով Եվրոպա փոխադրելու Ադրիատիկ եւ Անդրանատոլիական գազային նախագծերի (TAP, TANAP) հիմնական մրցակիցը, հարցականի տակ է դրել վերջիններիս իրականացման հնարավորությունը:
Թերթի հետ զրույցում ադրբեջանցի տնտեսագետ Սամիր Ալիեւն այդ առնչությամբ հայտնել է, որ TAP-ի եւ TANAP-ի իրականացման համար Ադրբեջանի կառավարությունը պետք է 8 մլրդ դոլար կապիտալ ներդրում կատարի: Սակայն տնտեսական ճգնաժամի հետեւանքով Ադրբեջանի մոտ առաջացած ֆինանսական ծանր դրությունը խնդիր է առաջացրել նախագծերի իրականացման հարցում: Ադրբեջանի TAP եւ TANAP նախագծերն այնքան էլ շահութաբեր չեն: Այդ թվում` ռուսաստանյան գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելը եւս դժվարացնում է ադրբեջանական նախագծի ճակատագիրը: Մյուս կողմից էլ պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը հնարավորություն չունի Եվրոպան մեծապես ապահովել գազով: Այդ պատճառով շատ կարեւոր է` այլ երկրների եւս այդ նախագծին միանալը: Գրավիչ կլիներ, եթե այդ նախագծերին միանային Թուրքմենստանը եւ Ղազախստանը, ինչը, սակայն, խիստ կասկածելի երազանք է թվում», -ասել է ադրբեջանցի տնտեսագետը:
«Նովոյե վրեմյա» թերթն ավելի վաղ հայտնել է, որ TAP եւ TANAP նախագծերի իրականացումը գրավիչ չէ այն պատճառով, որ այն 45 մլրդ դոլարից ոչ պակաս ներդրում է պահանջում, իսկ նախագծից եկամուտներն ակնկալվում են 2030 թվականից ոչ շուտ: