Այսօր՝ օգոստոսի 30-ին, անհայտ կորածների միջազգային օրն է: Լրագրողների հետ հանդիպմանը Անհայտ կորածների, պատանդների եւ գերիների պետական միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը, խոսելով անհայտ կորածների հետ կապված խնդիրներից, նշեց. «Մինչև մենք չունենանք տվյալ, թե ինչ է տեղի ունեցել, եթե անգամ հասկացվում է, որ տրամաբանորեն նրանք արդեն կարող են ողջ չլինել, միևնույն է՝ մնում են անհայտ կորածների ցուցակի մեջ»:
Նա նաև վստահեցրեց, որ պետությունը անհայտ կորածների խնդիրն անուշադրության չի մատնում. «Այս հարցը գրեթե փակուղու մեջ է, բայց շարունակվում են անուղղակի տվյալների հավաքումը, որոնք տրամադրվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Բացի այդ, շեշտը դրվում է նաև ընտանիքի անդամների հետ սոցիալական աշխատանքի վրա»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին էլ հավելեց, որ անհայտ կորածների խնդիրը բավականին համապարփակ է. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 1992 թվականից՝ ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից, զբաղվում է այս հարցով»:
Ամատունու խոսքով՝ իրենք աշխատում են հակամարտության բոլոր կողմերի հետ. «Մենք հավաքել ենք տվյալներ՝ հիմնվելով ընտանիքների հայտերի, ընտանիքների հետ մեր շփումների վրա: Հավաքել ենք շուրջ 4500 անհայտ կորածների մասին տեղեկատվություն»,-նշեց բանախոսը և հավելեց, որ կատարվում է նաև մոտ հարազատներից ԴՆԹ կենսաբանական նմուշների հավաքումը, որպեսզի հետագայում, երբ հակամարտող կողմերը համաձայնության գան, պաշտոնապես հնարավոր դառնա նույնականացում կատարել արտաշիրիմման արդյունքում: