Երեկ համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ երեք հոգի նկարվել էին սպանված անգղերի հետ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` լուսանկարում անգղերի հետ նկարվածներից մեկը Արմավիրի մարզի Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է:
Araratnews.am-ը կապ հաստատեց գյուղապետի հետ, ով մեզ հետ զրույցում չհրաժարվեց, որ նկարում ինքն է և պարզաբանեց, որ թեկուզ նկարվել են սպանված անգղերի հետ, բայց իրենք չեն որսացել կենդանիներին:
«Էդ լուսանկարները 10 տարվա լուսանկարներ են, ու մենք չենք որսացել: Էդ Բագարան- Երվանդաշատ տանող ճանապարհին` Թուրքիայի սահմանին մոտ ճանապարհն է, էդ տեղով ենք անցնելուց էղել, տեսել ենք սպանված, ընկած են, հետները նկարվել ենք: Ու մնացած անցնող-դարձողն էլ կանգնում, նկարվում էր»,- պատճառաբանեց գյուղապետը և հավելեց, որ լուսանկարներն արդեն 6-7 տարի է` հրապարակված է եղել «Օդնոկլասսնիկի» կայքի իր էջում, բայց հիմա աղմուկից հետո ջնջել է:
Մեր հարցին` արդյոք այդ ժամանակ իր մոտ հետաքրքրություն չի՞ առաջացել, թե ի՛նչ թռչուններ են, և ինչո՞ւ չեն դիմել ոստիկանություն, գյուղապետը դժվարացավ պատասխանել, միայն նշեց. «Չէ՛, հետաքրքիր էր, նկարվեցինք, միտք չեղավ, որ ոստիկանություն դիմենք»:
Ընդգծենք, որ լուսանկարում հստակ երևում է, որ գյուղապետը և մյուսները հագնված են որսի համար հարմար հագուստով և փամփշտակալներով են: Նշենք` հրապարակված մյուս լուսանկարներն էլ փաստում են, որ համայնքապետը առհասարակ սիրում է որսորդությամբ զբաղվել, հետո էլ սպանած կենդանիների հետ լուսանկարվել և տեղադրել սոցցանցերում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ահազանգի հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Դեպքի առնչությամբ գործողություններ կսկսի իրականացնել նաև բնապահպանական պետական տեսչությունը: Տեսչության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք նամակ կգրեն, չնայած ահազանգերը տեսչությունն արդեն ընդունում է որպես պաշտոնական դիմում. «Ես, իհարկե, իրավաբանորեն չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ չնայած նկարները վաղուցվա են, ամեն դեպքում մեղավորները կպատժվեն, կարծեմ` մեծ գումարների հասնող տույժեր են լինում, նաև քրեական գործ է հարուցվում»:
Փաստորեն Շենավանի ՀՀԿ-ական գյուղապետի, ով գյուղը ղեկավարում է 2005 թվականից, անվան շուրջ քննարկումները նոր բան չեն: Եվ նրա մասնակցությամբ դեպքի առնչությամբ ոստիկանությունն առաջին անգամ չէ, որ մասնակցություն է ունենալու: Տարիներ առաջ համայնքապետ Մկրտչյանի դեմ գյուղի բնակիչներից մեկի հաղորդման հիման վրա Արմավիրում քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առնչությամբ: Շենավանի բնակիչներից մեկը հաղորդում էր ներկայացրել, որ գյուղապետը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել:
Հ.Գ. Լուսանկարներում սպանված հսկայական թռչունները, ամենայն հավանականությամբ, սպիտակագլուխ անգղեր են, որոնց տեսակը վտանգված է և գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է Բնության պահպանման համաշխարհային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում (ver. 3.1) Least Concern կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:
Էմմա Հովսեփյան