տուն Լուրեր Անձնագրային ծառայություններում սպասվում են փոփոխություններ

Անձնագրային ծառայություններում սպասվում են փոփոխություններ

150
0

Հայաստանի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերի խնդիրը ղեկավարության ուշադրության կենտրոնում է: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախ դա պայմանավորված է հանգստի սեզոնին դիմող քաղաքացիների թվի նկատելի ավելացմամբ: Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացիները հանգստի կազմակերպման հետ կապված փաստաթղթային հարցերը կարգավորելու գործընթացը թողնում են վերջին օրերին: Ամռան ամիսներին են դիմում անձնագրեր ստանալու կամ փոխելու համար:

«Մենք հայտարարություններ ենք տարածում, որ քաղաքացիներն առավել վաղ ուշադրություն դարձնեն իրենց փաստաթղթերին: Պարբերաբար միջոցներ ենք ձեռնարկում, որ ծառայության մատուցման որակը բարձրանա, և հերթեր չառաջանան: Գործընթացը բաժանվում է երկու հիմնական մասի՝ իրավական և տեխնիկական: Նախորդ տարի ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական, ըստ որի՝ անձնագիր ստանալու կամ փոխանակելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու, անձնագրում վավերականության նշում կատարելու համար քաղաքացին կարողանա դիմել ցանկացած անձնագրային ծառայություն: Օրինակ՝ եթե բնակվում է Գյումրիում, բայց հաշվառված է Երևանում, ապա դա խոչընդոտ չէ, որ քաղաքացին կարողանա դիմել տվյալ վայրի անձնագրային ծառայություն»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

Անձնագրային ծառայություններում ոչ միայն մատուցում են անձնագիրը տրամադրելու, փոխանակելու ծառայություններ, այլև այլ ծառայություններ, օրինակ, անձի հաշվառման մասին տեղեկանքի տրամադրում: Ներկայում այդ գործընթացն իրականացվում է ավելի բարդ ընթացակարգով: Քաղաքացին դիմում է ներկայացնում, այնուհետև հաշվառման տեղեկանք-բլանկն է ձեռքով լրացնում: Այս գործողությունը ժամանակատար է, հերթեր են գոյանում, դրանից բացի, քաղաքացու համար առաջացնում է դժվարություն, նա երկու անգամ է այցելում անձնագրային ծառայություն: Ներկայում շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում  է այդ գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Ամբողջ գործընթացը կիրականացվի ավտոմատացված եղանակով, ինչն էլ զերծ կպահի հերթերից:

Մյուս խնդիրը կապված է տեղերում պատճենահանման սարքերի բացակայության հետ: Մնացական Բիչախչյանը նշեց, որ ոստիկանապետի հանձնարարությամբ Երևան քաղաքի բոլոր անձնագրային ծառայություններին արդեն տրամադրվել են պատճենահանող սարքավորումներ:

«Քաղաքացուց այլևս չի պահանջվելու հերթից դուրս գալ, գնալ որևէ տեղ փաստաթուղթը պատճենահանելու: Տեղում իրականացվելու է գործընթացը, առանց քաղաքացու համար ավելորդ ծանրաբեռնվածություն ստեղծելու: Լրացուցիչ միջոցներ ստանալու համար նախատեսել ենք կառավարության որոշման նախագիծ, որպեսզի ֆինանսական հարցերի կարգավորման պարագայում մյուս անձնագրային ծառայությունները ևս ապահովվեն պատճենահանման սարքավորումներով»,- ասաց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում