Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդ գործատուների միության» «Բիզնես հանդիպում` թեյի շուրջ» տարեվերջյան միջոցառումը: Հանդիպման պատվավոր հյուրն էր հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Ներկա էին միության անդամ սկսնակ և գործող երիտասարդ ձեռներեցներ, երիտասարդներ և ուսանողներ, ովքեր ցանկանում են զբաղվել բիզնեսով: Տարեվերջյան բիզնես հանդիպման բացման խոսքով հանդես եկավ միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը, ով ներկայացրեց միության գործունեությունը, նպատակներն ու առաքելությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Խաչատուր Սուքիասյանին հրավերն ընդունելու համար: Մ.Ավետիսյանը նշեց, որ ամենամսյա բիզնես հանդիպումների նպատակն է երիտասարդներին բերել հաջողակ բիզնեսմենների վառ օրինակներ, ովքեր պետք է ոգեշնչման մեծ աղբյուր հանդիսանան և ապացուցեն, որ անհնար ոչինչ չկա և պետք է լինել համարձակ, նախաձեռնող՝ չվախենալով ոչ մի բանից: Խ.Սուքիասյանը, ողջունեց «Հայաստանի երիտասարդ գործատուների միության» գործունեությունը և նույնպես շնորհակալություն հայտնեց հրավերի համար: Ներկաները հնարավորություն ստացան անմիջական շփում ունենալ հայտնի գործարարի հետ, ուղղել իրենց հուզող և հետաքրքրող հարցերն ու ստանալ դրանց պատասխանները: Խ.Սուքիասյանը խոսեց մեր երկրում բիզնեսի զարգացման խնդիրներից, խոչընդոտներից, և հեռանկարներից: Իր անձնական փորձով կիսվեց երիտասարդների հետ: Նա նշեց,որ ՀՀ-ում շատ ոլորտներ կան, որոնք զարգացման լայն հեռանկարներ ունեն՝ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած ՏՏ ոլորտով և այդ մեծ պոտենցիալը պետք է անպայման օգտագործել: Փորձառու գործարարը խոսեց նաև իր թերացումների և բացթողումների, ապագա ծրագրերի և նպատակների մասին, որոնք պետք է նպաստեն Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը: Հանդիպան ավարտին Խ.Սուքիասյանը ներկաներին հրավիրեց թեյ և սուրճ ըմպելու, որի ընթացքում նույնպես ծավալվեց լայն քննարկում՝ անմիջական մթնոլորտում:
«Չլսել ոչ մեկի, չվախենալ ոչ մի բանից,անդադար կրթվել, ինքնազարգանալ, գործել համարձակ և շարժվել առաջ» — սա էր հայտնի գործարարի կարգախոսը և խորհուրդը երիտասարդներին: Միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց Խաչատուր Սուքիասյանին հրավերն ընունելու համար, շնորհակալություն հայտնեց նաև բոլոր ներկաներին մասնակցության համար և առիթն օգտագործելով՝ շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ ցանկանալով հաջողություն, նպատակների իրականացում և բարգավաճում:
«Հայաստանի երիտասարդ գործատուների միություն»