տուն Քաղաքական Անարդյունավետ ծախսի լավագույն օրինակներից. Մարտիրոսյանը՝ հանրաքվեի համար հատկացված գումարի մասին

Անարդյունավետ ծախսի լավագույն օրինակներից. Մարտիրոսյանը՝ հանրաքվեի համար հատկացված գումարի մասին

89
0

armen-martirosyan

Հայաստանի կառավարությունը երեկ տեղի ունեցած նիստում որոշում կայացրեց շուրջ 1.7 միլիարդ դրամ հատկացնել դեկտեմբերի վեցին տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պատշաճ կազմակերպելու համար: Կառավարության հերթական որոշումն  առաջացրեց շատերի դժգոհությունը, եւ հատկապես Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները տեսակետ հայտնեցին, որ գործադիր իշխանությունը՝ հարկատուների գումարներն անարդյունավետ է ծախսում:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համամիտ է հնչող տեսակետների հետ եւ հայտարարում է, որ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն ընդհանրապես չկա: «Պարզ է, որ, եթե հանրահավաք պետք է լինի՝ դա անվճար  չի կարող լինել.  համապատասխան հանձնաժողովներ պետք է ձեւավորվեն, տեղամասեր պետք է ձեւավորվեն, դրա համար գումար պետք է: Խնդիրն այն  չէ, որ 1.7 միլիարդ դրամ գումար կառավարությունը հատկացրեց, խնդիրն այն է, որ անիմաստ մեկ անձի, մեկ քաղաքական ուժի, միակուսակցական քաղաքական համակարգի, պետության համար  ոչինչ չտվող Սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնվում, եւ պարզ է, այդ փոփոխությունների համար պետք է ծախսեր կատարվեն, եւ սա կարող է լինել անարդյունավետ ծախսի լավագույն օրինակներից մեկը»,- Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության որոշմանն, ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի՝ իշխանություններն անիմաստ են նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ: Մարտիրոսյանի խոսքով՝ այդ փոփոխությունների վերաբերյալ հասարակական պահանջ չկա, դեմ են նաեւ  բազմաթիվ քաղաքական ուժեր: «Դրա համար նաեւ ռեսուրսներն են ծախսում, իսկ պատճառը ոչ թե գումարի հատկացումն, է, այլ Սահմանադրության անցկացումը:  Որպեսզի այդքան գումար անիմաստ չհատկացվեր, մենք բոլորս պետք է այնպես անեինք, որ գործը չհասներ հանրաքվեին, որպեսզի մի հատ էլ կառավարությունը գումար դուրս  գրեր»,- ասաց Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ Սահմանադրական փոփոխություններով՝ իշխանությունը լուծում է վերարտադրման խնդիր, իսկ քանի որ դա ոչ մեկին պետք չէր՝ հետեւաբար անարդյունավետ ծախս է կատարվում:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունները նախատեսված է անցկացնել դեկտեմբերի վեցին: