տուն Լուրեր Անարդարության զգացում կա. Նիկոլայ Բաղդասարյան

Անարդարության զգացում կա. Նիկոլայ Բաղդասարյան

159
0

«Սահմանադրությամբ նախագահն ինքը կարող է որոշում ընդունել, թե ում է նախընտրում, որ լինի Սահմանադրական դատարանի անդամ: Այստեղ ես չեմ կարող որևէ բան ասել, բայց մի քիչ անարդարության զգացման ինչ-որ երևույթ կա, այնուամենայնիվ, մթնոլորտում: Որովհետև նախկինում, երբ առաջադրվել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ընդամենը քվորում չլինելու հետևանքով է, որ տվյալ անձը չի անցել, հետևաբար նախագահի կամքն արտահայտվել է, Ազգային ժողովն էդ հարցին չի պատասխանել քվորումի բացակայությամբ: Այսինքն՝ որևէ օրենք չպետք է փոփոխել, և Հայաստանի նախագահն իրավունք ուներ ևս մեկ անգամ նույն թեկնածությունը պնդել՝ պայմանավորված նրանով, որ այս անգամ անպայման քվորում կլիներ, և Ազգային ժողովն իր կամքը կարտահայտեր տվյալ թեկնածուի վերաբերյալ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը, նշելով, որ անարդարության զգացում ունի, որ չի առաջադրվել այն թեկնածուն, ում քվեարկել չեն կարողացել քվորումի բացակայության պատճառով:

Հարցին, թե իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ինչպես է քվեարկելու նախագահի առաջադրած թեկնածուին՝ Գոռ Հովհաննիսյանին, Բաղդասարյանն ասաց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, խմբակցության ներքին համոզմունքի մասին դժվար կարողանամ ասել, որովհետև դա պատգամավորների ներքին համոզմունքն է լինելու: Եվ, եթե չեմ սխալվում, հարցն ամսի 16-ին է դրված քննարկման: Չեմ կարծում, որ այդ հարցում ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պետք է բան ասի: Ես շատ լավ ճանաչում եմ Գոռին, և Վահեին եմ լավ ճանաչում, և երկուսի գիտելիքներն էլ շատ բարձր եմ գնահատում: Ինձ թվում է և՛ ձեր մոտ, և՛ ինձ մոտ կա հարց՝ եթե ՀՀ նախագահն առաջադրում է որևէ թեկնածու, և քվորումի բացակայության պայմաններում էդ թեկնածուի հարցը չի քննարկվում, հետևաբար իրավական տեսանկյունից ի՞նչ պետք է դրան հաջորդի»: