Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ու կալանավորման մասին որոշումն անհիմն են համարում:
Այս մասին օգոստոսի 16-ին տեղի ունեցած ասուլիսում լրագրողներին հայտնեց Ֆարմանյանի պաշտպան Նարեկ Ալոյանը: Փոխանցում է armenpress.am-ը։ Նրա խոսքով` մեղադրանքի առաջադրման ու կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության մասին իրենք տեղեկացված չեն եղել ու դատական նիստին չեն մասնակցել, ինչն էլ հետախուզում հայտարարելու հիմք է դարձել:
«Երբևէ վարույթ իրականացնող մարմնից խուսափելու դեպք չի եղել: Անահիտ Ֆարմանյանը մեկնել է ամենամյա արձակուրդի, ինչի մասին վարույթն իրականացնող մարմինը տեղյակ է եղել: Ֆարմանյանն էլ կապի մեջ է եղել քննիչի հետ»,- նշեց փաստաբան Նարեկ Ալոյանը:
Փաստաբանների խոսքով` Ֆարմանյանի արձակուրդն ավարտվում է օգոստոսի վերջին, և Հայաստան վերադառնալու անհրաժեշտություն այս պահին չկա, սակայն Անահիտ Ֆարմանյանը պատրաստ է ցանկացած պահի ժամանել:
«Որևէ մեկը չի ցանկանում թեկուզ մեկ օրով անհիմն ազատազրկվել: Այս պահին կա Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում: Մենք բողոքարկելու ենք երկու որոշումներն էլ, իսկ Ֆարմանյանը Հայաստան կվերադառնա դրանց վիճարկումից հետո»,- նշեց Ալոյանը:
Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող հետապնդումն իրավական չի համարում:
«Սա կարող է լինել անձնական, քաղաքական կամ այլ հետապնդում, բայց իրավական չէ»,- ասաց Խուդոյանը:
Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանին 2018թ. օգոստոսի 7-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի համար (խարդախություն` առանձնապես խոշոր չափերով)։