Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Ներկայացնում ենք նախարարության տարածած հայտարարությունը.
«Դատաիրավական բարեփոխումների շրջանակում Արդարադատության նախարարության կողմից՝ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ իրականացվում են հետևյալ աշխատանքները՝
- Մշակվում է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը.
- Դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի համատեքստում հստակեցվում են Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատավորի բարեվարքությունը գնահատող մարմնի լիազորությունները.
- Մշակվում են Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, մասնավորապես՝
- Հստակեցվում են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը, ընթացակարգերը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը
- Բարեփոխվում և կատարելագործվում է դատավորի գույքի, եկամուտների ծախսերի շահերի հայտարարագրման ինստիտուտը.
- Ավելացվում և ամրապնդվում են դատավորի համար նախատեսված ինստիտուցիոնալ և գործառութային երաշխիքները (այդ թվում՝ սոցիալական և ֆինանսկան).
- Մշակվում են դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը:
Վերոնշյալ նախագծերը մշակվում են ԵԽ միջազգային փորձագետների հետ համատեղ՝ աշխատանքային քննարկումների շրջանակում, որոնց նախատեսվում է ներգրավել նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների:
Նախագծերը, պատրաստ լինելուց հետո, կներկայացվեն հանրային քննարկման՝ այդ թվում՝ www.e-draft.am հարթակում տեղադրելու, դատական իշխանության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ քննարկումների ձևաչափով:
Քննարկումներն ավարտելուց հետո միայն Նախագծերը կներկայացվեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Արդարադատության նախարարությունը դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացնի հանրությանը: